- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Ռոսկոմնադզորից պահանջել է արգելափակել «Էխո Մոսկվի» ռադիոկայանն ու «Դոժդ» հեռուստաալիքը։
Պաշտոնական հաղորդագրությունը պնդում է, թե իբր լրատվամիջոցները «կեղծ տեղեկություններ են հրապարակում ռուս զինվորականների գործողությունների մասին», որոնց նպատակն է «պաշտպանել» Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։
Ըստ «Նովայա գազետայի», այս լրատվամիջոցների կայքերն արդեն արգելափակվել են։ «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հայտնել է, որ ռադիոկայանը նաև եթերազրկվել է։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն անում են ամեն ինչ Վրաստանն ռուս - ուկրաինական պատերազմի մեջ ներքաշելու համար», - պնդում է պաշտոնական Թբիլիսին։ Երեկ երեկոյան նման հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։
«Ցանկանում ենք հանրությանը բացատրել, որ Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու փորձերը, որոնց առնչություն ունեն ապակառուցողական ընդդիմությունն ու Ազգային միացյալ շարժումը, ցավոք սրտի չեն դադարում։ Այդ ուժերի նպատակը մեր երկրի տարածքում պատերազմի սանձազերծումն է։ Դա կառավարվող մի գործընթաց է, որի հետևում կանգնած են ապակառուցողական ընդդիմության թե՛ Թբիլիսիում և թե՛ Կիևում գտնվող անդամները», - հայտարարում էր Դարչիաշվիլին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Այս գիշեր ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել ուկրաինական Ժիտոմիր քաղաքի բնակելի թաղամասին։ Երկու մարդ մահացել է, տասը տուն է ավերվել։
Պատերազմի առաջին օրից՝ փետրվարի 24-ից Ուկրաինայում առնվազն 136 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 13 երեխա, 400-ը վիրավորվել են, մեծ մասը՝ օդային հարվածների հետևանքով, Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Թրոսելը։
- Հեղինակ՝ Կարլեն Ասլանյան
Միացյալ Նահանգների իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի երեկոյան ամենամյա ուղերձով հանդես գալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև։
Վաշինգտոնը նաև Կիևին կհատկացնի 1 միլիարդ դոլարից ավելի օգնություն:
«Պուտինը պատկերացում անգամ չունի, թե ինչ է իրեն սպասում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ ամերիկյան զինուժը Ուկրաինայում չի կռվի, սակայն մոբիլիզացվել են բոլոր ուժերը՝ պաշտպանելու ՆԱՏՕ-ի անդամ պետությունները:
Երեքշաբթի օրը ավելի վաղ United Airlines-ը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները Ռուսաստանի օդային տարածքում՝ միանալով ամերիկյան այլ խոշոր ավիափոխադրողներին՝ Delta-ին, American Airlines-ին և UPS-ին:
Հաղորդվում է նաև, որ ամերիկյան Apple ընկերությունը դադարեցնում է ապրանքների վաճառքը Ռուսաստանում: Բացի այդ, ռուսաստանցիների համար կսահմանափակվեն Apple pay համակարգով վճարումները: