- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր ասել է, որ Եվրամիությունը որոշել է դադարեցնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ բոլոր գործարքները և սառեցնել դրա ակտիվները: Այդ մասին նա ասել է այսօր Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր Բրյուսելում հայտնել է, որ Եվրոպական միությունը որոշել է ամբողջությամբ փակել օդային տարածքը Ռուսաստանի համար:
Եվրոպական հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, պատժամիջոցը տարածվում է ռուսական բոլոր, այդ թվում` մասնավոր օդանավերի վրա:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի դեմ պատերազմի չորրորդ օրը Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը առաջին անգամ հայտարարել է ռուսաստանցի զինվորականների շրջանում զոհերի մասին, թվեր, սակայն, չի նշել։
«Ռուս զինվորականները խիզախություն և հերոսություն են ցուցաբերում հատուկ ռազմական գործողությունների ընթացքում մարտական առաջադրանքները կատարելիս», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությունը:
«Ցավոք, մեր ընկերներից զոհեր և վիրավորներ կան։ Բայց մեր կորուստները բազմակի քիչ են, քան ոչնչացված ազգայնականները և ուկրաինական զինված ուժերի զինծառայողների կորուստները», - շեշտել է ռազմական գերատեսչությունը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին հայտարարել է, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի միջուկային զսպման միջոցները բարձր զգոնության բերելու մասին որոշումը «գոյություն չունեցող սպառնալիքներ ստեղծելու» շարունակությունն է:
Ռուսաստանի նախագահի որոշմանը արձագանքել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ CNN հեռուստաընկերության հետ զրույցում արևմտյան ռազմական դաշինքի ղեկավարը Պուտինի հայտարարությունները որակել է «վտանգավոր հռետորաբանություն» ու անպատասխանատու պահվածք ռուսաստանցի առաջնորդի կողմից։