- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Եվրամիությունը ցանկանում է ամեն ինչ անել Ուկրաինային աջակցելու համար և որոշել է 450 միլիոն եվրոյի չափով մարտական զենք տրամադրել ուկրաինական բանակին և ևս 50 մլն եվրո՝ ոչ մարտական պաշարների համար։
«Այո, այն տաբուն, որ Եվրամիությունը մարտական զենք չի տրամադրում երրորդ երկրի, այլևս չի գործում, այո, մենք դա անում ենք այս պատերազմում ուկրաինացիներին օգնելու համար», - հայտարարել են ԵՄ ղեկավարները։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ Ռուսաստանը հստակորեն սպառնացել է միջուկային հարձակմամբ այն երկրների դեմ, որոնք աջակցում են Ուկրաինային փետրվարի 24-ին ռուսական ներխուժումից հետո, և չնայած սրան՝ եվրոպացիները մտադիր են հնարավորինս աջակցել Կիևին։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Պուտինի երեկվա սպառնալիքից հետո աշխարհը փոխվել է, և երրորդ համաշխարհային պատերազմն արդեն հավանական է թվում։
Այսօր Միացյալ Նահանգների նախագահը մտադիր է դաշնակիցների հետ քննարկել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատասխանը։ Քննարկումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 19։15-ին։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Երեկվանից համացանցում տարածվել է տեղեկություն, որ ռուսական ռուբլին աննախադեպ արժեզրկում է արձանագրում․ առավոտյան 1 դոլարը Forex բորսայում վաճառվում է 110-120 ռուբլու սահմաններում, իսկ փոխանակման կետերում այն ընդհանրապես հնարավոր չէ գնել երեկվանից։
Ռուսաստանցիները երեկ ամբողջ օրը բողոքում էին նաև, որ դժվարությամբ են կարողանում կանխիկացնել նույնիսկ ռուբլին, որոշ բանկոմատներ Մոսկվայում, օրինակ, տալիս էին միայն 1000 ռուբլի։
Մեծանում է նաև պատերազմի դեմ բողոքի ալիքը Ռուսաստանում։ Մի քանի օր է՝ երկրի տարբեր քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաները։ Ոստիկանությունը ամեն օր հազարավոր մարդկանց է բերման ենթարկում։