Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ գոհունակությամբ է խոսել ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Կիևին 325 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին:
Զելենսկին հրապարակել է իր արած տեսագրությունը, որում շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ պաշտպանության հարցում Ուկրաինային մշտապես սատարելու համար:
Զելենսկին Վաշինգտոն է մեկնելն Նյու Յորքից, որտեղ սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում:
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր X-ի ալիքում հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են երեք օդային թիրախ Շեբեկինո քաղաքի մոտակայքում։
«Օպերատիվ ծառայությունները տեղում ճշտում են հետևանքները: Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Էլեկտրահաղորդման գիծ է վնասվել, հավելել է Գլադկովը։
Ուկրաինայում ռուսական ուժերի դեմ կռվող «Վրացական լեգիոնը» ևս մեկ մարտիկ է կորցրել՝ զոհվել է ջոկատի հրամանատար Զաքարիա Շուբիտիձեն։
Այս մասին հայտնել է «Վրացական լեգիոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին։
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Ուկրաինայում 40-ից ավելի վրացիներ են զոհվել։ Նրանց մի մասը կամավոր է պատերազմ մեկնել, մի մասը վաղուց ապրում էր Ուկրաինայում։
Լվովի վրա անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման հետևանքով երեք հարված է հասցվել արդյունաբերական պահեստներին:
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտնել էին մեկ պահեստում հրդեհի և երկու տուժածների մասին։
Տուժածներից մեկն այդ պահին պահեստում գտնվող 26-ամյա երիտասարդ է, ով հոսպիտալացվել է։ Տուժել է նաև մի կին: Պահեստներում բռնկված հրդեհները դեռ վերջնականորեն չեն մարվել։
Տեղական իշխանությունները հաղորդում են, որ Լվովի շրջանի ուղղությամբ ընդհանուր առմամբ թռչում էր 18 կամիկաձե անօդաչու թռչող սարք, որոնցից 15-ը խոցվել է։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ավելի վաղ հայտնել էին, որ Ուկրաինայում գիշերային հարձակմանը մասնակցել է 30 անօդաչու թռչող սարք, որոնցից 27-ը ոչնչացվել է։
Ռուս զինվորականները դեռ չեն մեկնաբանել գիշերային հարձակումը։