Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին հայտարարել է, թե Ուկրաինան իր տարածքներից ոչ մի կտոր չի հանձնի Ռուսաստանին խաղաղության դիմաց։
Ամերիկյան CBS հեռուստաընկերության լրագրողը Ուկրաինայի նախագահին հարցրել է, թե կարո՞ղ են զիջել որոշ տարածքներ հանուն խաղաղության: Ի պատասխան նա ասել է. - «Ոչ, սա մեր տարածքն է»։
«Դուք ուզո՞ւմ ամեն ինչ հետ վերցնել», - շարունակել է լրագրողը։
«Ի՞նչ պետք է ասեմ մարդկանց, որ նրանք բոլորը մահացել են, որպեսզի ես ասեմ՝ «Ռուսաստան, կարո՞ղ ես խլել սա»: Ես կարող եմ մարդկանց միայն հաղթանակ տալ», - արձագանքել է Զելենսկին:
Վերջին ամիսներին Արևմուտքում խոսում են ուկրաինական հակահարձակման դանղդաղման մասին և հայտարարում, թե պատերազմն այս տեմպերով կարող է շատ երկար տևել։
Զելենսկին համաձայնում է, որ առաջխաղացումը սպասվածից դանդաղ է, բայց կենտրոնանում է հաջողությունների վրա։
«Դա բարդ իրավիճակ է, ես Ձեզ հետ միանգամայն անկեղծ կլինեմ: Պլյուսն այն է, որ նախաձեռնությունը մերն է ճակատում։ Դա շատ կարեւոր է. մեր զինվորականները կասեցրին ռուս օկուպանտի առաջխաղացումը և անցան հարձակման։ Եվ չնայած սրան՝ շարժումն այնքան էլ արագ չէ։ Բայց կարևոր է, որ մենք ամեն օր առաջ գնանք», - ասել է նա։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ուկրաինական զորքերը պետք է անդադար առաջ շարժվեն, նույնիսկ եթե խոսքը հարյուրավոր մետրերի մասին է։
«Մենք չպետք է Պուտինին ընդմիջում տանք», - շեշտել է Զելենսկին։
Նա նաև վստահեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը կախված չէ եղանակից, ինչպես վախենում են Արևմուտքում՝ զգուշացնելով, որ հարձակման համար հարմար եղանակը մեկուկես ամիս կտևի միայն, մասնավորապես նման հայտարարություն երեկ արել էր ԱՄՆ Միացյալ շտաբերի ղեկավար Մարկ Միլին։
Ուկրաինական հակահարձակումը սկսվել էր հունիսին, այս երկու-երեք ամիսների ընթացքում ուկրաինացիներին հաջողվել է ազատագրել, համաձայն պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի տվյալների, ավելի քան 260 քառակուսի կմ տարածք ճակատի հարավում և 51 քառ Բախմուտի ուղղությամբ։
Սա այն դեպքում, երբ ռուսները կարողացել են հսկայական պաշտպանական գծեր կառուցել, այդ թվում՝ աննախադեպ չափերի ականապատ դաշտեր։ Հարավում ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ ուկրաինական ուժերը մի քանի տեղում ճեղքել են ռուսական պաշտպանության գոնե առաջին գիծը։
Անցած շաբաթ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են Բախմուտի մոտ երկու բնակավայրերի՝ Անրդեևկայի և Կլիեևկայի ազատագրման մասին։
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Դոնեցկում հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել անջատողականների առաջնորդ Դենիս Պուշիլինի նստավայրում։
Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները քաղաքի կենտրոնը թիրախավորել են հրթիռային կայանքներից։ Կիևը չի մեկնաբանել այդ մեղադրանքները։
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Ուկրաինայի պատերազմում զոհվել է Ռուսաստանի զինված ուժերի 31-րդ օդային հարձակման բրիգադի հրամանատար, գնդապետ Անդրեյ Կոնդրաշկինը։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի «Վոստոկ» գումարտակի հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկին:
Կոնդրաշկինի մահվան հանգամանքները, սակայն, հայտնի չեն։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը ևս չի մեկնաբանել օդուժի բարձրաստիճան սպայի մահը:
Ուկրաինական լրատվամիջոցների համաձայն՝ Կոնդրաշկինի գլխավորած զինված ստորաբաժանումը վերջին շրջանում մասնակցել է Բախմուտի մոտ՝ մասնավորապես Անդրեևկա գյուղի մերձակայքում ծավալված մարտերին:
Կիևն ուրբաթ օրը հայտարարել է ուկրաինական ուժերի կողմից Անդրեևկայի ազատագրման մասին, ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները մինչ այս պահը չեն հաստատել այդ լուրը:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ գիշերը երկրի տարածքը հարձակման է ենթարկվել 24 կամիկաձե անօդաչու թռչող սարքերի և 17 թևավոր հրթիռների կողմից։
Գիշերը տեղեկություններ էին ստացվել պայթյունների մասին Օդեսայի մարզում, որտեղ գրեթե ամեն օր հարձակումներ են տեղի ունենում, ինչպես նաև Խմելնիցկի շրջանում։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պնդում են, որ ոչնչացրել են բոլոր 17 թևավոր հրթիռները, որոնք արձակվել են Վոլգոգրադի շրջանի օդանավակայանից թռիչք կատարած ռազմավարական ռմբակոծիչներից: Նաև խոցվել են 24 գրոհային անօդաչու թռչող սարքերից 18-ը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Ուկրաինայի դեմ գիշերային հարվածները։
ՌԴ ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ երեկ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 21:30 Ղրիմում ոչնչացվել է ուկրաինական ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք։
Մինչ այդ գերատեսչությունը հայտնել էր կիրակի երեկոյան Ղրիմի հարավ-արևմտքում ուկրաինական ևս երկու անօդաչու թռչող սարքի խոցման և Բելգորոդի շրջանում մեկ անօդաչուի վնասազերծման մասին: