Անցած մեկ օրում ռուսական ուժերը ռմբակոծել են ուկրաինական ութ մարզեր։ Զապորոժիեի մարզային իշխանությունները հաղորդում են ավիահարվածների հետևանքով Օրեխովո բնակավայրում երկու կնոջ վիրավորվելու մասին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը, իր հերթին, ուկրաինական ուժերին մեղադրել է անօդաչուների միջոցով Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտների վրա հարձակումների փորձերի մեջ։ Հաղորդվում է, որ Կալուգայի ու Տվերի մարզերում հակաօդային պաշտպանության համակարգերը երկու անօդաչու են ոչնչացրել։ Տուժածներ չկան։
Շաբաթ առավոտյան մոսկովյան օդանավակայաններից ավելի քան երեք տասնյակ թռիչք էր հետաձգվել։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հերքել է պնդումները, թե կանցլեր Օլաֆ Շոլցը ձգձգում է Կիևին Taurus տեսակի թևավոր հրթիռների մատակարարումը: Նա չի բացառել, որ հարցը կլուծվի առաջիկա շաբաթների ընթացքում:
«Դա վստահության խնդիր չէ, այլ երաշխիքների, որ հրթիռները չեն ուղղվի բուն ռուսական տարածքի վրա: Մենք՝ կանցլերը, ես և մեր կաբինետի մյուս անդամները, պարտավորվել ենք կանխել Գերմանիայի ժողովրդին սպառնացող վտանգները, դա մեր խնդիրն է»,- ասել է Պիստորիուսը Մյունսթերում Վեստֆալիայի խաղաղության կնքման 375-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:
Նա հավատացրել է, որ Գերմանիան ցանկանում է ըստ ամենայնի աջակցել Ուկրաինային, և եթե Taurus-ների վերաբերյալ որոշում կայացվի առաջիկա մեկ-երկու շաբաթում, ապա այն անպայման կիրագործվի:
«Նա [կանցլեր Շոլցը] չի տատանվում, ցանկացած որոշում կայացնելիս անհրաժեշտ է ծանրութեթև անել, մտածել հնարավոր հետևանքների մասին»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը և ավելացրել, թե չի կարելի մոռանալ, որ «խոսքն այսօրվա դրությամբ առաքվածներից ամենահեռահար հրթիռների մասին է», - ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին մեղադրում է Ուկրաինային զենք տրամադրելու համար, պնդելով, թե դա միայն նպաստում է հակամարտության շարունակմանը: Ըստ Մոսկվայի, այդ մատակարարումներով Արևմուտքը դառնում է ռազմական առճակատման անմիջական մասնակից:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է Բախմուտի մոտակայքում գտնվող Անդրեևկա գյուղը գրավելու մասին:
«Հարձակողական գործողությունների ընթացքում մեր ուժերը մասնակի հաջողություններ են գրանցել Կլեշչևկայի մոտ և գրավել են Անդրեևկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այն Բախմուտի մոտ գտնվող առաջին բնակավայրն է, որն ուկրաինացիները կարողացել են հետ գրավել: Գարնանը ռուսները՝ «Վագների» մասնավոր ռազմական ընկերության մասնակցությամբ, արյունալի մարտերի արդյունքում գրավել են այդ տարածքը:
Կլեշչեևկան և Անդրեևկան գտնվում են Բախմուտի ավերակներից ընդամենը մի քանի կիլոմետր հարավ։ Ուկրաինացիների բանակն ամռան սկզբից փորձում է շրջափակել Բախմուտը, որի գրավումը ռուսները մարտական կարևոր նվաճում են անվանել:
Ռուսական մի շարք ռազմական Տելեգրամ-ալիքներ երեկ հաղորդել են, որ ռուսները լքել են թե՛ Անդրեևկան, և թե՛ Կլեշչեևկան։ Նրանք, սակայն, պնդել են, որ այդ երկու ավերված բնակավայրերը գտնվում են «գորշ գոտում» և չեն վերասհկվում ոչ ռուսների, ոչ էլ ուկրաինացիների կողմից:
Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընի անունը ներառվել է ուկրաինական «սև ցուցակում»՝ «Խաղարար» կառույցի կայքի տվյալների բազայում:
Կիմ Չեն Ընը մեղադրվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չճանաչելու համար:
Այդ կայքում Կիևը գրանցում է պետական, քաղաքական կամ հասարակական գործիչներին, ինչպես նաև բիզնեսի, սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին, ովքեր այս կամ այն եղանակով սատարում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը:
Կիմ Չեն Ընի անձնական տվյալները սեպտեմբերի 6-ին են հայտնվել «Խաղարարի» կայքում: