ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում հաջորդ երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին կմեկնարկի քաղաքական բանավեճերի փուլը: Ենթադրվում է, որ տեղի կունենա Անվտանգության խորհրդի հատուկ նիստ, որի օրակարգում կլինի ռուս-ուկրաինական պատերազմը:
Politico պարբերականի փոխանցմամբ՝ եթե այդ նիստին մասնակցելու հրավեր ստանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ապա չի բացառվում, որ նա մի սեղանի շուրջ կնստի Ռուաստանի ներկայացուցիչների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Զելենսկին Գլխավոր ասամբլեայում ելույթ կունենա սեպտեմբերի 19-ին՝ օրվա երկրորդ կեսին:
Ուկրաինայի և Ռուսաստանի հետևակների արյունալի կռիվներից և հրետանային հարվածներից զատ կողմերը նաև օդային թեժ մարտեր են մղում:
Օդում ռուսների երբեմնի գրեթե լիակատար գերակայությունը որոշ չափով նվազել է, քանի որ ուկրաինական կողմն էլ է սկսել ակտիվորեն անօդաչուներ կիրառել:
Ուկրաինայի անվտանգության ծառայության հակահետախուզության ջոկատները և ծովային ուժերի ստորաբաժանումն անցած գիշեր հատուկ գործողություն են իրականացրել և գրավված Ղրիմում՝ Եվպատորիայի մոտակայքում հարվածներ են հասցրել ռուսների հակաօդային պաշտպանության համակարգին:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագրի թղթակիցը, հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության անանուն աղբյուրին, հաղորդում է, որ ուկրաինացիները կարողացել են ոչնչացնել С300/400 «Триумф» տեսակի ՀՕՊ կայան, որի արժեքը մեկ միլիարդ 200 միլիոն դոլար է:
ԱՄՆ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ներառելով պաշտպանական արդյունաբերության, էներգետիկ և ֆինանսական ոլորտների ավելի մեծ թվով ընկերություններ: Նման հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆինանսների նախարարությունը։
«ԱՄՆ Պետդեպարտամենտը և Ֆինանսների նախարարությունը լրացուցիչ պատժամիջոցներ են կիրառում ավելի քան 150 ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ», - ասվում է Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։
Սահմանափակումները կիրառվում են՝ կապված Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հետ։
Բլինքենի խոսքով՝ Պետդեպարտամենտը կիրառում է պատժամիջոցները՝ փորձելով սահմանափակել ոչ միայն Ռուսաստանի նավթի և գազի արդյունահանումը, այլև նրա «արտահանման ներուժը» և գործունեությունը «մետալուրգիական և հանքարդյունաբերական հատվածներում»։
Բացի այդ, սահմանափակումներն ուղղված են «ռուսական սպառազինության համակարգերի, այդ թվում՝ «Կալիբր» թևավոր հրթիռի արտադրությամբ և վերանորոգմամբ զբաղվող բազմաթիվ կազմակերպությունների դեմ։
Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև վրաց գործարար Օթար Պարցխալաձեն, ով, ըստ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի շահերի համար ազդում է Վրաստանի հանրության և քաղաքականության վրա։
Դոնեցկի շրջանի Բախմուտի մոտ հարձակման ժամանակ ուկրաինացի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել քաղաքից հարավ գտնվող Անդրեևկա գյուղը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Չնայած Մալյարի այս հայտարարությանը, դրանից կարճ ժամանակ անց Բախմուտի մոտ հարձակումն իրականացնող 3-րդ գրոհային բրիգադի պաշտոնական ալիքը հայտնեց, որ Անդրեևկայի գրավման մասին հայտարարությունը «վաղաժամ» է արվել, «ծանր մարտերը» շարունակվում են Անդրեևկայում և Կլեշչևկայում։
Գարնան վերջից ուկրաինացի զինվորականները հարձակում են իրականացնում Բախմուտի ուղղությամբ, այն բանից հետո, երբ բուն քաղաքը «Վագների» մասնակցությամբ երկար գրոհից հետո անցել էր Ռուսաստանի վերահսկողության տակ։
Անդրեևկան Բախմուտի մոտ ուկրաինացի զինվորականների կողմից վերագրավված առաջին բնակավայրն է։
Ռուսական մի շարք ռազմական Տելեգրամ ալիքներ նախօրեին արդեն հայտնել էին, որ ռուս զինվորականները լքել են ինչպես Անդրեևկան, այնպես էլ հարևան Կլեշչեևկան։ Նրանք, սակայն, պնդում էին, որ ավերված երկու բնակավայրերն էլ գտնվում էին այսպես կոչված՝ «գորշ գոտում», այսինքն՝ չէին վերահսկվում ոչ մի կողմից։