Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:11 3.9.2023

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը իրենց հանդիպման ժամանակ կկենտրոնանան սևծովյան հացահատիկի գործարքի վրա, քանի որ Թուրքիան ձգտում է Մոսկվային հետ բերել գործարքին, ասել է Էրդողանի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդականը:

«Մենք այստեղ առաջատար դեր ենք խաղում: Մենք ամբողջ աշխարհից մեծ աջակցություն ենք տեսնում հացահատիկային միջանցքի իրականացման համար»,- A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:

«Ներկայիս կարգավիճակը (հացահատիկի գործարքի-խմբ.) կքննարկվի երկուշաբթի գագաթնաժողովում: Հույս ունենք հաջողության հասնել, քանի որ սա մի իրավիճակ է, որն ազդում է ամբողջ աշխարհի վրա», - ասել է Քըլըչը:

Անկարան ընդունել է համաձայնագրի հետ կապված տեխնիկական բարդությունները, մասնավորապես, կապված ռուսական հացահատիկի և վճարման մեխանիզմների հետ, ասել է Քըլըչը: Խնդիրը վերաբերում է նաև միջազգային վճարային համակարգերին, ինչպիսին է SWIFT-ը, որը ներկայացնում է բազմակողմ մարտահրավեր, ավելացրել է նա:

20:06 3.9.2023

Կիրակի գիշերը ռուսական զորքերը զանգվածային անօդաչու թռչող սարքով հարձակում են գործել Օդեսայի շրջանի վրա։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է «Շահեդ» տեսակի 25 անօդաչու թռչող սարք։ Նրանցից 22-ը խոցվել են ՀՕՊ ուժերի կողմից։

Նավահանգիստներից մեկի ենթակառուցվածքը տուժել է անօդաչու թռչող սարքի հարվածից, այնտեղ հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Նախնական հայտնի է երկու տուժած քաղաքացիական անձանց մասին, նրանց ցուցաբերվել է բուժօգնություն։ Խոսքը, ըստ ամենայնի, Օդեսայի շրջանի հարավում գտնվող նավահանգիստներից մեկի մասին է։

Գիշերային հրետակոծության մասին հայտնում են նաև շրջանային զինվորական վարչակազմերի ղեկավարները։ Նրանց տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է Խերսոնի շրջանում, վեցը՝ վիրավորվել։ Դոնեցկի մարզում վերջին մեկ օրվա ընթացքում երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։

14:20 2.9.2023

«Անցած գիշեր ուկրաինական բանակը կրկին փորձել է հարվածել Ղրիմի կամրջին», - հայտարարում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության պնդմամբ՝ Ուկրաինայի Զինված ուժերը հարվածները փորձել են իրականացնել երեք ծովային անօդաչուների միջոցով, որոնք, սակայն, ոչնչացվել են։

«Չնայած հարձակումն իր նպատակին չի հասել, սակայն երթևեկությունը Ղրիմի կամրջով դադարեցվել է ավելի քան երեք ժամով», - հաղորդում են ռուսական աղբյուրները։

23:10 1.9.2023

Ուկրաինական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը The War Zone կայքին երեկ երեկոյան հայտնել է, որ նախօրեին Պսկովի օդանավակայանի վրա դրոններով հարձակումը ուկրաինական ուժերն իրականացրել են Ռուսաստանի տարածքից։

Կայքը նաև արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են հարձակման հետևանքները՝ արդեն վնասված ինքնաթիռները։

Ուշագրավ է, որ Ուկրաինան սովորաբար չի մեկնաբանում Ռուսաստանի տարածքում դրոններով հարվածները, և Ուկրաինայի առնչությունը հաստատող այսպիսի ուղիղ հայտարարություններ շատ հազվադեպ են հնչում։

Պսկովը Ուկրաինայից 800 կիլոմետր հեռավորության վրա է, և դրոններով գրոհից հետո մեծ հարց էր, թե որտեղից է կատարվել այդ հարձակումը։ Այդ հարցը ակտիվ քննարկվում էր ռուսական սոցցանցերում, հնչում էին տարբեր վարկածներ անգամ այն մասին, որ անօդաչուները հնարավոր է Բելառուսի վրայով են հասել Ռուսաստան։ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես որևէ հայտարարություն չեն արել, թե որտեղից կարող էր այդ գրոհն իրագործվել։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG