Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:29 1.9.2023

Մոսկվայի քաղաքային իշխանությունները հայտնում են անօդաչու թռչող սարքերով քաղաքի վրա հերթական հարձակման մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն առավոտյան հայտարարել է, որ մերձմոսկովյան Լյուբերցիի մոտ հակաօդային պաշտպանության ուժերն անօդաչու են խոցել։ Ըստ պաշտոնյայի՝ զոհեր և ավերածություններ չկան։

Ռուսական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ մայրաքաղաքի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում 38 չվերթ է հետաձգվել, 23-ը՝ չեղարկվել։

Անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին է հայտարարել նաև Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։ «Առավոտյան երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Կուրչատովի վրա։ Տուժել է գրասենյակային և բնակելի շենք։ Դեպքի վայր են մեկնել մասնագետները, գնահատում են վնասի չափը։ Մանրամասները ճշտվում են», - գրել է պաշտոնյան։

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքեր են խոցվել վեց շրջաններում՝ հինգը՝ Բրյանսկի մարզում, երկուական՝ Ռյազանի և Մոսկվայի շրջաններում, մեկական՝ Օրյոլի և Կալուգայի մարզերում։ Նաև օգոստոսի 30-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել Պսկովի օդանավակայանը։

18:16 31.8.2023

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան եվրոպական երկրների արտգործնախարարներին հորդորել է սպառազինություններ տրամադրել Ուկրաինային, մասնավորապես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ապահովելու համար հացահատիկի արտահանման միջանցքի անվտանգությունը։

«Խնդրում են դիտարկել, թե ինչպես կարող եք օգնել՝ պաշտպանելու հացահատիկի արտահանման միջանցքը, քանի դեռ նավերը կգտնվեն Ուկրաինայի տարածքային ջրերում, մինչև Ռումինիա հասնելը։ Օգնություն ասելով նկատի ունեմ հակաօդային պաշտպանության համակարգեր»,- իսպանական Տոլեդոյում եվրամիության արտգործնախարարների հանդիպմանն ասել է Կուլեբան։

16:07 31.8.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 4-ին Սոչիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու հացահատիկի գործարքն ու Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական երկու տարբեր աղբյուրներ։

16:06 31.8.2023

Այսօր մեկնարկում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի երկօրյա այցը Մոսկվա։ Նա բանակցելու է Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Հանդիպման հիմնական հարցերից մեկը վերաբերելու է հացահատիկի արտահանման այլընտրանքային գործարքին։ «Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները մտադիր են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը կյանքի կոչելու պարամետրերը», - հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Պուտինի նախաձեռնությունը ենթադրում է զեղչված գներով, Կատարի ֆինանսավորմամբ, 1 միլիոն տոննա ռուսական հացահատիկի առաքում Թուրքիա՝ թուրքական ձեռնակություններում այն մշակելու և ավելի կարիքավոր երկրներ մատակարարելու համար։ Մոսկվան այդ ծրագիրը դիտարկում է որպես սևծովյան գործարքին օպտիմալ այլընտրանք:

Լավրովն ու Ֆիդանը նաև մտքեր են փոխանակելու ուկրաինական ճգնաժամի իրավիճակի շուրջ, քննարկելու են քաղաքական-դիվանագիտական կարգավորման հնարավոր ուղիները, շոշափվելու է հումանիտար թեման, մասնավորապես՝ գերիների փոխանակման վերաբերյալ:

«Ռուսական կողմը նաև պլանավորում է բարձրացնել Անկարայի և Կիևի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման կործանարարության թեման», - նշված է հանդիպումից առաջ Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG