Ռուսաստանի միանգամից 5 շրջաններ ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, Պսկովի օդանավակայանում ռազմատրանսպորտային օդանավեր են ոչնչացվել, իսկ Ուկրաինայի վրա ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով Կիևում երկու մարդ է զոհվել։
Պատերազմի սկզբից ի վեր անցած գիշերվա հարձակումը Ռուսաստանի վրա անօդաչուների ամենազանգվածային հարձակումն էր։ Կրեմլի մամուլի խոսնակն ասել է, որ Վլադիմիր Պուտինին զեկուցվել է հարձակման մասին, նշելով, որ գլխավոր և գերագույն հրամանատարը մշտապես և օպերատիվ ստանում է ողջ տեղեկատվությունը։
Դիմտրի Պեսկովը ահաբեկչություն է որակել դրոնների հարձակումը։ Փաստորեն, երբ Ռուսաստանն է հրթիռներով, դրոններով ու ավիացիայով ռմբակոծում Ուկրաինային, ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն խաղաղ բնակիչների զոհերի թիվը մոտենում է 9,5 հազարի՝ Ռուսաստանը դա «հատուկ ռազմական գործողություն» է կոչում, իսկ ուկրաինական հարձակումները՝ ահաբեկչություն։
«Իսկապես շարունակվում է Կիևի ռեժիմի ահաբեկչական ակտիվությունը, անօդաչուների գերակշիռ մեծամասնությունը թռչում է քաղաքացիական օբյեկտների վրա։ Մենք շարունակում ենք և կշարունակենք հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի արմատախիլ անենք նման սպառնալիքները մեզ համար»,- այսօր ասել է Կրեմլի խոսնակը։
Իսկ Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ուկրաինական անօդաչուների հարձակումն «անպատիժ չի մնա»։
Նախնական տեղեկություններով՝ Ռուսաստանում մարդկային զոհեր չկան։
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 250 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը ներառում է զինամթերք, սարքավորումներ և պահեստամասեր, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստում։
«Այսօր մենք հայտարարում ենք ռազմական օգնության հաջորդ փաթեթի մասին, որը կօգնի Ուկրաինային պաշտպանել իր տարածքը և իր ժողովրդին: Այս փաթեթը պարունակում է կարևոր հնարավորություններ, որոնք կօգնեն Ուկրաինային մարտի դաշտում», - ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը Պետդեպարտամենտի կայքէջում հրապարակված հայտարարությունում:
2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինան ԱՄՆ-ից արդեն ստացել է ավելի քան 43 միլիարդ դոլարի օգնություն:
Այս գիշեր անօդաչու թռչող սարքերի հարձակում է եղել Ռուսաստանի հինգ շրջանների և Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի վրա:
Կեսգիշերն անց Պսկովի նահանգապետը հայտնել է, որ քաղաքի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել, զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհ է բռնկվել՝ չորս Իլ-76 ինքնաթիռ է վնասվել:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է երեք անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին Բրյանսկի մարզում, մեկի՝ Օռլովսկի շրջանում։
Գերատեսչությունը հայտնել է նաև Ռյազանի և Կալուգայի շրջաններում խոցված անօդաչու թռչող սարքերի մասին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Սևծովյան նավատորմի ավիացիան ոչնչացրել է 4 մոտորանավակ Ուկրաինայի Զինված ուժերի դեսանտային խմբերով՝ մինչև 50 հոգի:
Կիևում և Կիևի մարզում գիշերը պայթյուններ են լսվել։ Կիևում հրթիռակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում են Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները։
Քաղաքի Շևչենկովսկի շրջանում բեկորներ են ընկել վարչական շենքի վրա, երկու մարդ մահացել է, ևս երկուսը հոսպիտալացվել են, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ավելի ուշ Կիևի քաղաքային ռազմական վարչությունը պարզաբանել է, որ զոհվել է երկու պահակ։
Ավելի վաղ հաղորդվել էր Օդեսայում, ինչպես նաև Կրիվոյ Ռոգում և Չերկասկի շրջանում պայթյունների մասին։ Կիևի մարզում վեց առանձնատուն է վնասվել, հայտնել են ոստիկանությունից։ Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ էր հայտարարվել։
Օգոստոսի 30-ի գիշերը Ուկրաինայի տարածքում ռուսական հարձակման ժամանակ բոլոր 28 թևավոր հրթիռները և 16 հարվածային անօդաչու թռչող սարքերից 15-ը խոցվել են, ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։