Ռուսական ուժերի հարձակումների մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված օրվա ամփոփագրում նշված է, որ Դոնեցկի մարզում ռազմամթերքով բեռնված գնացք է ոչնչացվել. - «Դարոժնոյե բնակավայրի բեռնաթափման կայարանում հրթիռային հարված է հասցվել հրետանային զինամթերքով ռազմական գնացքին։ Բացի այդ, Դրուժկովկա բնակավայրի մոտ ոչնչացվել է ուկրաինական բանակի 93-րդ մեքենայացված բրիգադի զինամթերքի պահեստը»։
Ռուսաստանի ՊՆ-ը նաև հայտնում է, որ Կուպյանսկի ու Կրասնի Լիմանի ուղղություններում հետ են մղել ուկրաինական մի շարք գրոհներ, ուկրաինական բանակի կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստների թվեր են հրապարակվել և՛ անցած մեկ օրվա կտրվածքով, և՛ ամբողջ պատերազմի։
Ուկրաինայի գլխավոր շտաբի մամուլի խոսնակն այսօր ասաց, որ ուկրաինական զորքերը Վերբովո գյուղի ուղղությամբ հաջողություն են ունեցել և ամրանում են ձեռք բերված բնագծերում։ Վերբովո գյուղն ընկած է Ռաբոտինոյից հարավ-արևելք, որն ազատագրելու մասին ուկրաինական կողմը նախօրեին էր հայտարարել, բայց ռուսական կողմը Ռաբոտինոն կորցնելու լուրերը չի հաստատում:
Օգոստոսի 29-ը Ուկրաինայում երկրի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար ընկածների հիշատակի օրն է։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ծաղիկներ է դրել Ուկրաինայի պաշտպանների հուշարձանին, որը զոհվածների լուսանկարներով պատ է։
«Յուրաքանչյուր տարի մենք հարգանքի տուրք ենք մատուցում ուկրաինացի տղամարդկանց, ուկրաինացի կանանց, որոնք իրենց կյանքն են տվել՝ պաշտպանելու մեր երկիրը։ Պաշտպանելու Ուկրաինայի անկախությունը, մեր ժողովրդի ազատությունը, Ուկրաինայի ամբողջականությունը։ Ուկրաինայի իրավունքն է լինել ազատ երկրների շարքում», - ասել է Զելենսկին, իսկ սոցցանցերում նա գրել է․ - «Բառերը երբեք բավարար չեն՝ արտահայտելու ինչ մենք զգում ենք»։
Եվ հենց այսօր, պաշտպանների հիշատակի օրը Ռուսաստանի գրաված տարածքներից Ուկրաինա են տեղափոխվել ևս 84 զոհված զինծառայողների մարմիններ։ Սովորաբար զոհվածների մարմինների կամ գերիների փոխանակումներ տեղի են ունենում երկկողմ պայմանավորվածություններով, բայց այս պահին որևէ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Միայն նշվում է, որ գործողությունը կատարվել է Ժնևյան կոնվենցիայի նորմերին համապատասխան։ Զոհվածների ինքնությունը պարզելուց հետո, մարմինները կփոխանցվեն հարազատներին՝ պատշաճ կարգով հուղարկավորելու համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Տուլայի շրջանի երկնքում այս գիշեր երկու ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Բելգորոդի շրջանի երկնքում երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին։