Վլադիմիր Զելենսկին ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում երեկ կրկին պնդել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը 1991 թվականի սահմաններում։ Միևնույն ժամանակ, Զելենսկու խոսքով, եթե ուկրաինական բանակը հասնի Ղրիմի հետ վարչական սահմանին, ապա հնարավոր կլինի «քաղաքականորեն ավարտել Ռուսաստանի ապառազմականացումը թերակղզու տարածքում»։
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահն ասել է, որ ռազմական գործողությունները ռուսական տարածք տեղափոխելը ռիսկային է՝ նկատի ունենալով ռուսական տարածքին արևմտյան զենքով չհարվածելու արևմտյան գործընկերների պահանջը:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում երկիրը պատրաստ է «երկար ժամանակ» պատերազմել, բայց մտածված պատերազմ վարել՝ նվազագույնի հասցնելով կորուստները։
Խոսել է երեկ Զելենսկին նաև կոռուպցիայի և նախագահական ընտրությունների մասին։ Նա նախ կոչ է արել ռազմական դրության ժամանակ կոռուպցիան նույնացնել պետական դավաճանության հետ, սակայն հավելել է, թե խոսքը մահապատժի մասին չէ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում արևմտյան դաշնակիցներին 5 միլիարդ դոլար տրամադրել հաջորդ տարվա գարնանը նախատեսված նախագահական ընտրությունների անցկացման համար։ Այս մասին Զելենսկին հայտարարել է ուկրաինական 1+1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Ես ասել եմ [դաշնակիցներին]՝ դուք պատրա՞ստ եք մեզ 5 միլիարդ տրամադրել։Կարծում եմ, որ խաղաղ պայմաններում ընտրություններ անցկացնելու համար հենց այդքան գումար է հարկավոր։ Թե ինչքան կպահանջվի պատերազմի ժամանակ, ես չեմ կարող ասել։ Այնպես որ, ես ասել եմ, որ Միացյալ Նահանգները և Եվրոպան պետք է օգնություն տրամադրեն։ Ամեն դեպքում, ես չեմ պատրաստվում վարկ վերցնել ընտրություններ անցկացնելու համար, չեմ պատրաստվում նաև այդ նպատակով ծախսել սպառազինության համար նախատեսված գումարները», - ասել է Զելենսկին։
Առաջիկա ընտրությունների թեման հրատապ դարձավ անցած շաբաթավերջին, երբ ամերիկացի կոնգրեսական Լինդսի Գրեմը Կիև կատարած այցի ընթացքում կոչ արեց նախագահ Զելենսկուն չհետաձգել նախագահական ընտրությունները և դրանք կազմակերպել անգամ շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում։
Օգոստոսի լույս 27-ի գիշերը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կենտրոնական և հյուսիսային շրջաններում ոչնչացրել են չորս X-101/X-55/X-555 թևավոր հրթիռներ, հայտնում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Գիշերը խփված հրթիռների բեկորների անկման պատճառով Կիևի մարզում տուժել է երկու մարդ, տուժել է տասը առանձնատուն։ Այս մասին հայտարարել է Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ռուսլան Կրավչենկոն։
Նշվում է, որ հրթիռները արձակվել են հինգ ռազմավարական ինքնաթիռներից, որոնք այդ պահին գտնվել են Ռուսաստանի օդային տարածքում՝ Էնգելս քաղաքի մոտ (Սարատովի մարզ)։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերը դաշնության Բրյանսկի և Կուրսկի շրջանները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարվածներին։
Կուրսկում անօդաչու թռչող սարքը բախվել է բազմաբնակարան շենքին, տուժածներ չկան, հայտնում են տեղական իշխանությունները։
Օգոստոսի 27-ի գիշերը անօդաչուն մխրճվել է Կարլ Մարքսի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի մեջ, հայտնել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։