Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

20:26 26.8.2023

Ռուսական կողմը պնդում է, որ ուկրաինացի զինվորականները փորձել են անօդաչու թռչող սարքի միջոցով գրոհել Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի օբյեկտները։

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 26-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, «հակաօդային պաշտպանությաունը ոչնչացրել է Մոսկվայի մարզի Իստրա շրջանի տարածքի վրա ուղղված անօդաչու թռչող սարքը»։

Գերատեսչությունը չի նշում՝ արդյոք անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհեր կան։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, սակայն, հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների՝ զոհեր և ավերածություններ չկան։

Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայանները գիշերը կրկին փակ են եղել ինքնաթիռների ընդունման և մեկնելու համար մոտ մեկ ժամով, սակայն այս պահին դրանք աշխատում են բնականոն հունով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիացիոն ծառայությունները։ 24 չվերթ հետաձգվել է, ութը՝ չեղարկվել։

23:34 25.8.2023

Ռուսաստանի տարածքը և Ղրիմը կրկին անօդաչուների և հրթիռների թիրախում էին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այս գիշեր Մոսկվային սահմանակից Կալուգայի մարզում վերափոխված Էս -200 հրթիռ է խոցվել և միաժամանակ 42 անօդաչու թռչող սարքեր Ղրիմում։ Սա թերևս ամենազանգվածային հարձակումն էր բռնակցված Ղրիմի վրա։ Ռուսական կողմը պնդում է, թե բոլոր դրոնները խոցվել են։

Մոսկվայի և Մոսկվայի մարզում անօդաչուների հարձակման մասին այս գիշեր չի հայտարարվել, սակայն մոսկովյան «Դոմոդևո» և «Վնուկովո» օդանավակայաններն այս գիշեր կրկին թռիչքներ չէին ընդունում։

Ուկրաինային սահմանակից Բելգորոդի մարզում էլ անցած օրվա ընթացքում արձակվել է ավելի քան 70 արկ, հայտարարել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ բնակիչներից ոչ ոք չի տուժել, վնասվել է վեց տուն և երկու ավտոմեքենա։

Ռուսական բանակն էլ գիշերը երկու թևավոր հրթիռ է արձակել Օդեսայի մարզի ուղղությամբ։ Երկուսն էլ ուկրաինական ՀՕՊ-ը խոցել է։

18:12 25.8.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է հացահատիկի սևծովյան միջանցքի հարցը։ Հանդիպումից հետո Զելենսկին Telegram-ի իր ալիքում տեղեկացրել է, որ Ֆիդանի հետ «շատ կարևոր հարցեր» է քննարկել, մասնավորապես հացահատիկի մատակարման հարցը։

Կողմերը քննարկել են նաև Կիևի կողմից առաջ տարվող խաղաղության բանաձևը։

Սա Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Ֆիդանի առաջին այցն է Ուկրաինա։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հացահատիկի գործարքի վերսկսումը կլինի Ուկրաինայի իշխանությունների հետ Ֆիդանի բանակցությունների հիմնական թեման։ Նույն թեման Թուրքիայի արտգործնախարարը նախատեսում է քննարկել Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ ներկայումս մշակվում է Թուրքիայի արտգործնախարարի այցը Ռուսաստան, սակայն, հացահատիկի գործարքի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվում։

10:27 25.8.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այս գիշեր ուկրաինական բանակը փորձել է հարվածել Ղրիմին՝ ավելի քան չորս տասնյակ անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ Կալուգայի շրջանում ուկրաինական հրթիռ է խոցվել։

Ռուսական բազմաթիվ Տելեգրամ ալիքներ գիշերը հաղորդում էին Կալուգայի, Տուլայի և Մոսկվայի շրջանների երկնքում լսվող ձայների մասին, ենթադրելով, որ հակաօդային պաշտպանությունն է աշխատում անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ: Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները կրկին ժամանակավորապես փակվել էին:

Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները գործում են նորմալ ռեժիմով՝ ուրբաթ գիշեր ուժի մեջ մտած սահմանափակումներից հետո, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Գործակալությունը, ինչպես նախորդ օրերին, չի պարզաբանել, թե ինչի հետ են կապված եղել գիշերային սահմանափակումները՝ դրանք անվանելով թռիչքների անվտանգության ապահովում։ Նշված ժամանակահատվածում թռիչքների մի մասը ուղարկվել են այլ օդանավակայաններ, նշել է գործակալությունը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG