Ուկրաինայից հացահատիկի արտահանումը նվազել է մեկ երրորդով հացահատիկի գործարքի կասեցումից հետո, հայտնում է Bloomberg-ը։
«Օգոստոսի 15-ի դրությամբ Ուկրաինային հաջողվել է չորս շաբաթվա ընթացքում արտահանել 3,2 միլիոն տոննա հացահատիկ, բուսական յուղեր և ալյուր, ինչը 4,4 և 4,8 միլիոն տոննայով պակաս է մայիսի և հունիսի տվյալներից, երբ դեռ գործում էր սևծովյան գործարքը», ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը, Թուրքիան և Քաթարը նոր համաձայնագիր են պատրաստում հացահատիկի գործարքը փոխարինելու համար։ Ըստ հրատարակության՝ Մոսկվան նախապես զգուշացրել է Անկարային հացահատիկի գործարքից դուրս գալու մասին, իսկ Ռուսաստանը, Թուրքիան և Քաթարը ներկայումս աշխատում են նոր եռակողմ համաձայնագրի վրա։ Այն առաջարկում է ռուսական հացահատիկ մատակարարել աղքատ երկրներին, հիմնականում Աֆրիկայում։
Ըստ Bild-ի՝ նոր գործարքը կարող է կնքվել այս շաբաթավերջին Բուդապեշտում։
Ուկրաինայի Չեռնիգով քաղաքում շաբաթ օրը առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում` 6-ամյա երեխա, ևս 90 մարդ վիրավորվել է, երբ ռուսական ուժերը հրթիռակոծել են քաղաքի կենտրոնը։ Վիրավորվածների թվում ևս 12 երեխա կա ու ոստիկանության 10 աշխատակից։
Այս տվյալները հրապարակել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը, նշելով, որ քաղաքի կենտրոնը հրթիռակոծվել է, երբ մարդիկ գնում էին եկեղեցի` կրոնական տոնը նշելու համար։
«Մեր Չեռնիգովը ռուսական հրթիռը հարվածել է հենց քաղաքի կենտրոնին, հրապարակը, պոլիտեխնիկ ինստիտուտը, թատրոնը։ Սովորական շաբաթ օր, որը Ռուսաստանը վերածեց ցավի ու կորստի օրվա», - Տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Նովգորոդի մարզի ռազմական օդանավակայանում մեկ օդանավ է վնասվել, ինչպես նաև տարածքում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։ Տուժածներ չկան։
Մոսկվայից հյուսիս-արևմուտք ընկած Նովգորոդի մարզը հարյուրավոր կիլոմետրերով հեռու է ռազմաճակատային գծից։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ հետ ժամանել է Ստոկհոլմ։
Սոցցանցում նա գրել է, որ Շվեդիա է մեկնում՝ շնորհակալություն հայտնելու բոլոր շվեդներին Ռուսաստանի չհրահրված ներխուժման դեմ պայքարում Ուկրաինային աջակցելու համար։ Զելենսկին հայտնել է, որ հանդիպելու է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին, թագավորական ընտանիքին և բարձրաստիճան այլ պաշտոնյաների։ Նա նշել է, որ Շվեդիան Ուկրաինային աջակցող արևմտյան 11 երկրների կոալիցիայի անդամներից է և անցած ամիս խոստացել է ուկրաինացի օդաչուներին պատրաստել F-16 կործանիչների համար։
Անցած շաբաթ Շվեդիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պլանավորվում է ևս 313,5 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, որը ներառում է զինամթերք ու նախկինում մատակարարված սպառազինությունների պահեստամասեր։