Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

21:15 19.8.2023

Գիշերը ռուսական ուժերը երեք հրթիռ են արձակել ու 41 ավիացիոն հարված հասցրել Ուկրաինայում, հաղորդում է ուկրաինական Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Ուկրաինայի օդուժը հաղորդում է նաև իրանական «Շահեդ» հարվածային անօդաչուների հարձակման մասին, պնդելով, որ 17 անօդաչուներից 15-ը ոչնչացվել են։

Ուկրաինական լրատվամիջոցներն ու Տելեգրամ ալիքները հաղորդում են Կիևում պայթյունի մասին՝ հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր։ Այս պահին պաշտոնական հաղորդագրություն չկա։

Օդային տագնապ Կիևում չէր հնչել։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի ասելով՝ դեռևս չպարզված պատճառով պայթյունը տեղի է ունեցել Կիևի մարզի արդյունաբերական գոտում։

Ռուսական ուժերի վերջին հարձակումների հետևանքները ճշգրտվում են։

21:13 19.8.2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Դոնի Ռոստով, որտեղ խորհրդակցություն է անցկացրել «հատուկ ռազմական գործողության» խմբավորման շտաբում։ Նա լսել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և խմբավորման բարձրաստիճան այլ սպաների զեկույցները։ Այս մասին օգոստոսի 19-ին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նախորդ անգամ Պուտինն այս տարվա ապրիլին այցելել էր Դոնեցկի ու Լուգանսկի մարզեր։ Իսկ մարտին՝ գաղտնի պայմաններում, օրվա մութ ժամին եղել էր ավերված Մարիուպոլում։

20:12 18.8.2023

Ամերիկյան հետախուզությունը ենթադրում է, որ ուկրաինական ուժերը կարող են չհասնել իրենց նպատակներին հունիսին սկսված հակահարձակման ժամանակ:

Ըստ այդ կանխատեսման՝ ուկրաինական զինված ուժերը չեն կարողանա հասնել Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլ քաղաքը և դրանով փակել ցամաքային կապը ռուսական ուժերի և բռնակցված Ղրիմի միջև՝ ռուսական պաշտպանական գծերի պատճառով։ Ըստ այդ տվյալների՝ ուկրաինական զորքերը, որոնք այժմ գտնվում են Մելիտոպոլից 80 կիլոմետր հեռավորության վրա, լավագույն դեպքում կանգ կառնեն քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Ռազմական վերլուծաբան Ռոբ Լին, մասնավորապես, ասել է. - «Ռուսաստանն այնտեղ ունի երեք հիմնական պաշտպանական գիծ, իսկ դրանցից հետո՝ ամրացված քաղաքներ։ Հարցը միայն այն չէ, թե արդյոք Ուկրաինան կարող է ճեղքել դրանցից մեկը կամ երկուսը, այլև թե արդյոք նրանք կարող են ճեղքել բոլոր երեք գծերը և ունենալ բավարար ուժեր ավելի նշանակալի բանի հասնելու համար, օրինակ՝ Տոկմակի գրավումը»:

Ուկրաինական իշխանությունները բազմիցս ասել են, որ հակահարձակման ընթացքում դանդաղ առաջխաղացման պատճառը ոչ միայն ռուսական պաշտպանության գծերն են, այլ նաև՝ արևմտյան սպառազինության պակասը: Ուկրաինան, մասնավորապես, չի ստացել F-16 կործանիչներ, որոնց անհրաժեշտության մասին խոսում է տարվա սկզբից։

16:52 18.8.2023

Ուկրաինական ուժերը տեսանյութեր են հրապարակել, ցույց տալով, թե անօդաչուների հարվածներով ինչպես են Լուգանսկի մարզում անտառում քողարկված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգ ոչնչացնում, իսկ Դոնեցկի մարզում, Բախմուտից ոչ հեռու հարվածում ռազմական ստորաբաժանման տեխնիկային։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն ամենօրյա հաղորդագրությունում ասել է, որ անցած օրվա ընթացքում ուկրաինական օդուժի երկու Су-25 կործանիչ է ոչնչացվել և 26 անօդաչու թռչող սարք։ Պատերազմից ի վեր ուկրաինական բանակի ընդհանում կորուստների մասին նա մի քանի տասնյակ հազարի հասնող տարբեր տեսակի սպառազինություններ է թվարկել։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG