Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:36 18.8.2023

Մեծ Բրիտանիայի գլխավորած եվրոպական երկրների խումբն այսօր հայտարարեց 90 միլիոն ֆունտ ստերլինգի (շուրջ 115 միլիոն դոլար) հակաօդային պաշտպանության համակարգեր և սարքավորումներ Ուկրաինային փոխանցելու մասին:

Այս գումարը ներառում է անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելու և ոչնչացնելու համար նախատեսված Cortex Typhon անվավոր հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման 56 միլիոն ֆունտ ստերլինգի պայմանագիր նորվեգական Kongsberg պաշտպանական ընկերության հետ: Ավելի վաղ նույնը հայտնել էր ընկերությունը։

Ուկրաինայի համար միջազգային հիմնադրամը, որի կազմում են Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Դանիան և Շվեդիան, ստորագրել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերին վերաբերող ևս երկու պայմանագիր, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ։

Reuters լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ ԱՄՆ-ը պաշտոնապես հավանություն է տվել Դանիայից ու Նիդերլանդներից Ուկրաինա F-16 կործանիչներ ուղարկելուն։ Նշվում է, որ դա կարող է տեղի ունենալ ուկրաինացի օդաչուների՝ F-16 օդանավեր կառավարելու պատրաստություն անցնելուց հետո:

Reuters-ի թղթակիցները ծանոթացել են Դանիայի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարներին ԱՄՆ պետքարտուղարի հղած նամակի պատճենին, որում Էնթոնի Բլինքենը վստահեցնում է, որ հաստատման հետ կապված խնդիրներ չեն լինի։

15:29 18.8.2023

Հուլիսի 17-ից՝ Ռուսաստանի՝ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման գործարքը չերկարաձգելուց ու Սև ծովում անվտանգ միջանցքի փակվելուց հետո առաջին անգամ Օդեսայից դուրս եկած բեռնանավը հասել է Ստամբուլի նավահանգիստ։

Կոնտեյներներով բեռնված «Յոզեֆ Շուլտե» նավը Օդեսայից դուրս է եկել օգոստոսի 16-ին։ Այն 30 հազար տոննա բեռ է փոխադրում, այդ թվում՝ պարենային ապրանքներ։ Հոնկոնգի դրոշով նավարկող այդ նավը ռուս - ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր՝ 2022-ի փետրվարից, մնացել էր Օդեսայի նավահանգստում։

15:27 18.8.2023

Այս գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը անօդաչու թռչող սարք է խոցել, որը թռչում էր դեպի Մոսկվա, բեկորներն ընկել են Էքսպոկենտրոնի մոտ: Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, այսօր Տելեգրամում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Էքսպոկենտրոնի գոտում, շենքին էական վնաս չի հասցվել», - գրել է Սոբյանինը:

Հինգշաբթի ուշ երեկոյան էլ Բելգորոդի շրջանում է անօդաչու թռչող սարք խոցվել, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունը և մարզային իշխանությունները։

Ռուս զինվորականների տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։

Մոսկվայի բոլոր 4 օդանավակայանները գիշերը ժամանակավոր փակվել էին:

15:24 18.8.2023

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր վրա ճնշում չի գործադրում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։

«Բելառուսի ներգրավվածությունը․․. ի՞նչ կտա դա՝ ոչինչ», - ասել է Լուկաշենկոն, որի երկիրը սահմաններ ունի Ուկրաինայի, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երեք երկրների հետ։

«Եթե դուք՝ ուկրաինացիներդ չհատեք մեր սահմանը, մենք երբեք չենք մասնակցի պատերազմին։ Այս թեժ պատերազմին։ Բայց մենք միշտ կօգնենք Ռուսաստանին՝ նրանք մեր դաշնակիցներն են», - ասել է Լուկաշենկոն ուկրաինացի, բայց ռուսամետ լրագրող Դիանա Պանչենկոյին տված հարցազրույցում։

Նա զգուշացրել է, որ Բելառուսը կպատասխանի արտաքին ագրեսիային, ներառյալ՝ միջուկային զենքի կիրառմամբ, որ Մոսկվան տեղյակայել է այդ երկրի տարածքում։

Լուկաշենկոն ասել է, թե կարծում է՝ Պուտինն արդեն հասել է իր նպատակներին Ուկրաինայում, և հավելել է, թե երկու կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ և պատրաստ լինեն քննարկելու բոլոր հարցերը, ներառյալ՝ Ղրիմի և Ուկրաինայի մյուս տարածքների ապագան, որոնց նկատմամբ Ռուսաստանը հավակնություններ ունի։ Բայց, նրա խոսքով, Ռուսաստանը երբեք Ղրիմը հետ չի տա:

«Ռուսաստանի նպատակները մինչ օրս արդեն իրականացվել են։ Այս պատերազմի ավարտից հետո Ուկրաինան երբեք Ռուսաստանի հանդեպ իրեն այդքան ագրեսիվ չի պահի, ինչպես պատերազմից առաջ», - ասել է Լուկաշենկոն:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG