Ռուս զինվորականները Բելգորոդի շրջանում հարվածային անօդաչու թռչող սարք են խոցել։
«Այսօր Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 9-ին Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքով ահաբեկչություն իրականացնելու փորձը խափանվել է», - ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունում:
Գերատեսչության տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։
Ռուսաստանի՝ Ուկրաինային սահմանակից Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների իշխանությունները պարբերաբար հաղորդում են հրետակոծությունների մասին։ Ռուսական կողմը հարձակումներում մեղադրում է ուկրաինական բանակին։ Ուկրաինայի ղեկավարությունը չի մեկնաբանում այդ տեղեկությունները։
Ռուսաստանի կազմում գտնվող Կոմի հանրապետության գյուղատնտեսության նախկին նախարար Դենիս Շարոնովը ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է հայցել, հաղորդում է RTVI-ն։
Շարոնովի խոսքով՝ Ռուսաստանում ինքը նախ երկու անգամ քրեական հետապնդման է ենթարկվել և երկու դեպքում էլ դատարանի կողմից արդարացվել, այնուհետև ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ավելի ուշ՝ 2022 թվականի հոկտեմբերին, նախկին պաշտոնյան զինկոմիսարիատից ծանուցում է ստացել, ինչից հետո որոշել է հեռանալ երկրից։
Դենիս Շարոնովը պնդել է, թե իր նկատմամբ մշտական ճնշումների պատճառը «այլախոհության» նկատմամբ երկրի ղեկավարության անհանդուրժողականությունն է:
Կիևը «բացարձակապես անընդունելի» է համարում Ուկրաինայի՝ որոշակի տարածքներ զիջելու դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ խոսակցությունները: Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոյի այս հայտարարությունը հաջորդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Ստիան Յենսենի հարցազրույցին։
Դաշինքի պաշտոնյան, ըստ մամուլի հրապարակումների, ասել է, թե իր կարծիքով՝ պատերազմի ավարտի փուլերից մեկը կարող է լինել Ուկրաինայի հրաժարումը իր տարածքի մի մասից՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու դիմաց։
«Ես միշտ ենթադրել եմ, որ Դաշինքը, ինչպես Ուկրաինան, տարածքների առևտուր չի անում: ՆԱՏՕ-ի պաշտոնյաների գիտակցաբար կամ անգիտակցաբար մասնակցությունը Ուկրաինայի՝ իր տարածքները լքելու հնարավորության մասին խոսույթի ձևավորմանը Ռուսաստանի շահերից է բխում», - ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի հավաստմամբ՝ ուկրաինացի զինվորականներն ազատագրել են Դոնեցկի մարզի Ուրոժայնոյե գյուղը, որի համար վերջին օրերին կատաղի մարտեր էին ընթանում։
«Ուրոժայնոյեն ազատագրեցին: Մեր պաշտպաններն ամրապնդվում են գծերի վրա։ Գրոհային գործողությունները շարունակվում են», - գրել է Մալյարն իր Տելեգրամ ալիքում։
Երկուշաբթի օրը փոխնախարարը հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները «որոշակի առաջընթաց» են գրանցել Ուրոժայնոյեում։