Ուկրաինայի զինված ուժերը հաղորդում են կամիկաձե անօդաչու սարքերով Ռուսաստանի գիշերային նոր հարձակումների մասին:
Հաղորդագրության համաձայն՝ թիրախը եղել է Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքը, հարվածները հասցվել են «Շահեդ-136/131» տիպի անօդաչու սարքերով։
Ըստ ուկրաինացի զինվորականների՝ հարավարևելյան ուղղությամբ մի քանի ալիքներով հարձակումներ են իրականացվել, Օդեսայի և Նիկոլաևի շրջաններում խոցվել է 13 գրոհային անօդաչու թռչող սարք։
Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ Դանուբի նավահանգիստներից մեկին հարվածների հետևանքով վնասվել են պահեստներ և ամբարներ։ Հաջորդած հրդեհները մարվել են, տուժածներ չկան, Կիպերի խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հաղորդումը։ Ռուսաստանը հուլիսի կեսերից հարվածներ է հասցնում Օդեսայի շրջանին՝ պնդելով, որ թիրախավորում է անանձնակազմ նավերը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր առավոտյան ժամը 5-ի սահմաններում երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Կալուգայի շրջանում։
«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ժամանակին հայտնաբերել և ոչնչացրել են բոլոր անօդաչու թռչող սարքերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության՝ տուժածներ և ավերածություններ չկան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր առավոտյան ժամը 5-ի սահմաններում երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Կալուգայի շրջանում։
«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ժամանակին հայտնաբերել և ոչնչացրել են բոլոր անօդաչու թռչող սարքերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության՝ տուժածներ և ավերածություններ չկան։
Այս գիշեր Ռուսաստանը տարբեր տեսակի թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել Լվովին, Լուցկին, Դնեպրին և Ուկրաինայի այլ քաղաքներին, ուկրաինական ՀՕՊ-ը կարողացել է 28 հրթիռներից 16-ը միայն: Լվովում կան վիրավորներ, վնասվել է ավելի քան հարյուր շենք, այդ թվում՝ մանկապարտեզ։ Լուցկում և Դնեպրում կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում։
Ու չնայած ուկրաինական բնակավայրերի չդադարող ինտեսիվ ռմբակոծություններին, Ռուսաստանի նախագահը շարունակում է պնդել, թե մեկուկես տարի տևող այս թեժ պատերազմի համար մեղավոր է Արևմուտքը:
«Մենք Ուկրաինայի օրինակով հստակ տեսնում ենք, թե ուր է տանում կրակի վրա յուղ լցնելու քաղաքականությունը. միլիարդավոր դոլարներ են տրամադրվում նեոնացիստական ռեժիմին, մատակարարելով նրան տեխնիկա, զենք, զինամթերք, ուղարկելով նրանց ռազմական խորհրդատուներին և վարձկաններին։ Ամեն ինչ արվում է հակամարտությունն էլ ավելի թեժացնելու, դրա մեջ այլ պետությունների ներքաշելու համար», - նշել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարն էլ կրկին հայտարարել է, թե ուկրաինացիներն այս պատերազմում տանուլ են տալիս։ Շոյգուն այսօր պնդել է, թե Ուկրաինայի ռազմական ռեսուրսը գրեթե սպառվել է, ուստի Կիևը, չնայած Արևմուտքի աջակցությանը, չի կարողանում արդյունքի հասնել մարտի դաշտում։ Նրա խոսքով, մատակարարվող զենքերի մեջ «ռուսական զենքի համար անխոցելի» չկա:
Շոյգուն այս մասին խոսել է բանակային ֆորումին, որին ներկայացված է բացի ռուսականից մի շարք երկրներում, այդ թվում՝ Իրանում, Չինաստանում և Հնդկաստանում արտադրվող ռազմական տեխնիկան։
«Չնայած Արևմուտքի համակողմանի օգնությանը, Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում արդյունքի հասնել։ Մարտական գործողությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ռազմական ռեսուրսները գրեթե սպառվել են», - ընդգծել է ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը:։
Չնայած Շոյգուի այս պնդմանը՝ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարան այսօր հայտարարել է, թե Բախմուտի ուղղությամբ հարավային թևի երկայնքով ուկրաինական ուժերն աստիճանաբար, բայց հաստատ առաջ են շարժվում։
«Գիտեք, որ հարավային թևի երկայնքով մեր զորքերը աստիճանաբար, բայց հաստատապես առաջ են շարժվում՝ մարտերով, մեծ խոչընդոտներով։ Չնայած ականապատված դաշտերի, ավիացիայի և հրետանու հարձակումների մենք առաջ ենք գնում», - ասել է փոխնախարարը:
Միաժամանակ Աննա Մալյարը շեշտել է, թե իրավիճակը ճակատում, այդ թվում՝ հարավում շատ ծանր է, ռուսներն էլ ինտենսիվ գրոհում են ճակատի արևելյան հատվածում, ուկրաինացիները ուժգին դիմադրում են և փորձում են կանխել ռուսների առաջխաղացումը։
Ուկրաինայի Զինված Ուժերի Արևելյան խմբի հրամանատարի տեղակալ Սերգեյ Չերևատին այսօր հայտարարել է, թե ուկրաինական ուժերն ուժեղացրել են կրակային դիրքերը և պահեստազոր տեղափոխել Խարկովից արևելք գտնվող Լիմանսկի - Կուպյանսկի ուղղություն, Նրա խոսքով՝ Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Օլեքսանդր Սիրսկին անձամբ է մեկնել այս ուղղությամբ առաջնագիծ և «ուղիղ, խիստ ու հստակ հրահանգ է տվել բազմաստիճան պաշտպանություն կառուցել»։
«Ամեն ինչ արվեց, որպեսզի թշնամին չկարողանա առաջ շարժվել», - ասել է Չերևատին:
Սակայն Խարկովի շրջանի հրետակոծությունն ուժեղացել է։ Անցյալ շաբաթ Ուկրաինայի իշխանությունները հայտարարեցին Կուպյանսկից և շրջակա մի շարք գյուղերից պարտադիր տարհանման մասին։