Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:26 28.7.2023

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի կարգավորման համար, բայց ուկրաինացիները պահպանում են իրենց անընդունելի դիրքորոշումը։ «Նրանք նախկինի պես մերժում են երկխոսության որևէ հնարավորություն», - ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ երեկո հանդիպելու է Ռուսաստան ժամանած աֆրիկյան երկրների առաջնորդների հետ՝ քննարկելու ուկրաինական խնդիրը։

Աֆրիկայի մի շարք երկրներ հանդես էին եկել ռուս-ուկրաինական կարգավորման սեփական նախաձեռնությամբ։ Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում Պուտինն ասել է, թե հարգանքով են վերաբերվում այդ նախաձեռնությանը և ուշադիր ուսումնասիրում են այն։

15:24 28.7.2023

Ճապոնիան արգելել է 1,9 լիտրից մեծ ծավալի շարժիչով նոր և օգտագործված մեքենաների, հիբրիդային և էլեկտրական մեքենաների մատակարարումը Ռուսաստան։ Այս մասին հաղորդվում է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության կայքում։

Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների ցանկին ավելացվել է մոտ 750 անուն ապրանք, այդ թվում՝ խոշոր մեքենաների անվադողեր, զբոսանավեր, լոկոմոտիվներ և գնացքներ, մետաղներ, ներկանյութեր: Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդում է, որ ցանկը կհստակեցվի մինչև օգոստոսի 2-ը։

Ըստ Kyodo-ի՝ անցյալ տարվա ապրիլին Ճապոնիան արդեն արգելել էր ավելի քան 6 մլն իեն (43 հազար դոլար) արժողությամբ նոր պրեմիում մեքենաների մատակարարումը Ռուսաստան։

2022 թվականի վերջին դեպի Ռուսաստան ճապոնական արտահանման ծավալը կրճատվել է 30 տոկոսով: Այս ցուցանիշի կեսից ավելին բաժին է ընկնում ավտոմեքենաներին, որոնց մեծ մասը նոր չեն։

15:23 28.7.2023

Այս գիշեր Մոսկվայի վրա հարձակման փորձ է արվել, Telegram-ի իր ալիքում հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը խոցվել է պաշտպանության նախարարության ուժերի կողմից։ Տուժածներ և ավերածություններ չկան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է «Մոսկվայի շրջանի օբյեկտների» վրա անօդաչու թռչող սարքի հարձակվելու փորձի մասին, և որ այն ոչնչացվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Թե որտեղից է հայտնվել անօդաչուն, որտեղ է խոցվել, և ինչն է եղել դրա թիրախը, չի հաղորդվում։

Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել ռուսական իշխանությունների հայտարարությունը։

21:12 27.7.2023

Ռուսաստանի նախագահն այսօր Ռուսաստան - Աֆրիկա գագաթնաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ուկրաինական զորքերը ուժեղացրել են ռազմական գործողությունները։

«Ինչ վերաբերում է վերջին օրերին, մենք իսկապես հաստատում ենք, որ ռազմական գործողությունները զգալիորեն սրվել են։ Հիմնական բախումները տեղի են ունեցել, ինչպես ասում են Արևմուտքում, հարձակման հիմնական՝ Զապորոժիեի ուղղությամբ», - ասել է Պուտինը։

Արևմտյան մի շարք հեղինակավոր մեդիաներ ավելի վաղ գրել էին ուկրաինական հակահարձակման նոր փուլի մեկնարկի մասին։ Հիմնական ուղղությունը Զապորոժիեի մարզն է, որն ապահովում է ցամաքային կապը ռուսական ուժերի և Ղրիմի միջև։

Financial Times-ը գրում է, թե Ուկրաինան փոխել է մարտավարությունը հակահարձակման սկզբում «քաոսից» հետո։ Հղում անելով իր աղբյուրներին՝ թերթը հայտնում է, որ հակահարձակման առաջին փուլում ուկրաինական բանակը ականապատ դաշտերի պատճառով կորցրել է արևմտյան սպառազինության մոտ մեկ հինգերորդը։ Այսօր Կիևը փոխել է մարտավարությունը, և դա, ըստ ուկրաինացի հրամանատարների, կարծես թե շոշափելի արդյունքներ է տալիս մարտի դաշտում։

Հարձակողական գործողությունների փոխարեն ուկրաինացի զինվորականներն անցան հրետանու զանգվածային կիրառման, ինչը թույլ է տալիս ապահովել առաջապահ խմբերի առաջխաղացումը և առանց մեծ կորուստների հասնել մարտավարական հաջողությունների։

Միևնույն ժամանակ հոդվածում նշված է, որ արևմտյան դաշնակիցների մոտ մտավախություն կա, որ ուկրաինական զինված ուժերը շատ արագ են սպառում իրենց հրետանային արկերը, և չափազանց դանդաղ ռազմական առաջխաղացումը կարող է թույլ տալ Ռուսաստանին նոր դաշտեր ակնապատել և նոր ուժեր պատրաստել։

Հարավում ուկրաինական հակահարձակման նոր փուլի մասին հայտնում են նաև Bloomberg-ի, The New York Times-ի աղբյուրները և Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG