Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

17:10 27.7.2023

«Ռուսաստանը կարող է լրացնել ուկրաինական հացահատիկի պակասը միջազգային շուկաներում», - այսօր Սանկտ-Պետերբուրգում՝ «Աֆրիկա-Ռուսաստան» գագաթաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր երկիրն իր վիճակի է փոխարինել ուկրաինական հացահատիկը թե՛ առևտրային և թե՛ անհատույց հիմունքներով՝ գյուղմթերք տրամադրելով առավել կարիքավոր աֆրիկյան երկրներին։ Առավել ևս, որ այս տարի մենք կրկին ռեկորդային բերք ենք ակնկալում», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։

16:06 27.7.2023

Ռուսաստանյան զինված ուժերը առաջխաղացում են արձանագրել Լուգանսկի մարզում, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Գեներալի խոսքով՝ Ուկրաինայում գործող ռուսական բանակի «Կենտրոն» խմբավորման գրոհային ստորաբաժանումները հուլիսի 23-ից սկսած Սերգեևկա բնակավայրի մոտ 12 կիլոմետր ընդհանուր ճակատով կարողացել են հակառակորդի դիրքերի ուղղությամբ խորանալ շուրջ երեք կիլոմետրով։

Կոնաշենկովի պնդմամբ՝ ռուսական զորքերը առաջ են շարժվել նաև Կուպյանսկի ուղղությամբ՝ «առավել նպաստաավոր դիրքեր զբաղեցնելով Կուզեմովկա բնակավայրի մերձակայքում»։

16:04 27.7.2023

Պաշտոնական այցով Փհենյանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունի հետ։

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունն այսօր մի տեսագրություն է հեռարձակել, որտեղ երևում է, թե ինչպես է Կիմ Չեն Ունը Շոյգուին և ռուսական պատվիրակության մյուս անդամներին ծանոթացնում տեղական ռազմարդյունաբերական համալիրի կողմից արտադրված սպառազինության մի շարք նմուշների։ «Կադրում են հայտնվել հյուսիսկորեական արտադրության բալիստիկ հրթիռները և նոր անօդաչու թռչող սարքերը», - գրում Reuters-ը։

16:03 27.7.2023

Ուկրաինայի Խարկովի մարզի Կովշարովկա գյուղում կառավարվող ավիառումբի հարվածի հետևանքով մի կին է զոհվել, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«5-հարկանի բնակելի շենքի մոտ հարված է եղել: Տունը վնասվել է, բնակարաններից մեկում պատ է փլուզվել: Վնասվել է նաև հարևան 9-հարկանի շենքը։ Ցավոք սրտի, 74-ամյա կին է մահացել», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Սինեգուբովի փոխանցմամբ՝ ևս չորս մարդ վիրավորվել է։

Ռազմական վարչակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ С-300 հրթիռը խոցել է Կուպյանսկի շրջանի Բոլշոյ Բուրլուկ գյուղի ոչ-բնակելի մի շենք։ Շենքը վնասվել է, հրդեհ է բռնկվել։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG