Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:02 27.7.2023

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավոր Տոմոկո Ականեն, ով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել, հետախուզման մեջ է հայտնվել։ Տեղեկությունը ՌԴ ներքին գործերի նախարարության որոնման տվյալների բազայում է։

Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Պուտինին և Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել՝ բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանման հետ կապված ռազմական հանցագործություններին մասնակցելու մեղադրանքով։

Նույն ամսին ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել Ականեի և երկու այլ դատավորների, ինչպես նաև ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի դեմ՝ անմեղ անձին պատասխանատվության ենթարկելու և միջազգային պաշտպանություն վայելող օտարերկրյա պետության ներկայացուցչի վրա հարձակվելու պատրաստության համար։

Խանը Ռուսաստանում հետախուզման մեջ է հայտնվել մայիսի 19-ին։

16:00 27.7.2023

Այս գիշեր Ռուսաստանը հերթական հրթիռային հարձակումն է իրականացրել Օդեսայի շրջանի նավահանգստային ենթակառուցվածքի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության և տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ «Կալիբր» հրթիռներն արձակվել են Սև ծովում գտնվող սուզանավից՝ ծայրահեղ ցածր բարձրության վրա։ Նավահանգստի վարչական շենքերից մեկին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 44-ամյա քաղաքացիական աշխատակիցը, հայտնել են «Հարավ» հրամանատարությունից։

Կիպերի խոսքով, բացի բեռների տերմինալին հասցված վնասներից, ոչնչացվել է նաև անվտանգության շենքը և երկու ավտոմեքենա։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերն իրենց հերթին պարզաբանում են, որ երկու «Կալիբր» հարվածել են Օդեսայի շրջանի նավահանգստին՝ դրանք չի հաջողվել խոցել։ Բացի այդ, գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակվել են 8 «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, բոլորը խոցվել են։

14:12 27.7.2023

«Ուկրաինական հակահարձակման հիմնական փուլը մեկնարկել է», - գրում է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնական աղբյուրները։

«Սպիտակ տանը և Պենտագոնին մոտ կանգնած անանուն աղբյուրների պնդմամբ՝ Վաշինգտոնում մեծ հետաքրքրությամբ են հետևում ռազմաճակատում ուկրաինական ուժերի ակտիվության աճին։ Ուկրաինացի պաշտոնյաները մեզ տեղեկացրել են, որ այս նոր գործողությունը, հաջողության դեպքում, կարող է շարունակվել մեկից երեք շաբաթ», - իր աղբյուրները վկայակոչելով՝ գրում է The New York Times-ը։

Թերթի տեղեկություններով՝ ուկրաինական ուժերը հարձակման են անցել Զապորոժիեից հարավ ընկած շրջանում՝ Օրեխովկա բնակավայրի մերձակայքում։ Պարբերականի փոխանցմամբ՝ ուկրաինական նոր հարձակման ընթացքում պաշտոնական Կիևը թարմ ուժեր է ներգրավել։

20:33 26.7.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադային ներկայացրել է ռազմական դրության և համընդհանուր զորակոչի մասին օրենքների գործողությունը երկարաձգելու օրինագծերը։

Ավելի վաղ Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը տեղեկացրել է, որ խորհրդարանը կերկարաձգի ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան։

Նրա փոխանցմամբ, Գերագույն ռադան արդեն ութերորդ անգամ քվեարկություն կանցկացնի այդ հարցերի շուրջ:

Ժելեզնյակը նշել է, որ ռազմական դրությունը և համընդհանուր զորակոչը, հավանաբար, կերկարաձգվեն մինչև այս տարվա նոյեմբերի 15-ը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG