Ռուսաստանի Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն ասել է, որ անցած գիշերը ուկրաինական կողմից ավելի քան 80 զինամթերք է արձակվել նահանգի վրա, այդ թվում՝ ռումբեր ու արկեր։ Նրա ասելով՝ 5 մարդ է վիրավորվել, վնասվել են սեփական տներ և էլեկտրամատակարարման գծեր։
Կիևը հերքում է Ռուսաստանի տարածքը հրետակոծելու լուրերը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում մտահոգություն է հայտնել Սև ծովով հացահատիկի արտահանումը դադարեցնելու Ռուսաստանի որոշման կապակցությամբ։ «Ամբողջ աշխարհում դա սպառնում է խոցելի երկրների պարենային անվտանգությանը»,- հայտարարել է նա։
Ուրսուլա ֆան դեր Լայենն ասել է, որ Եվրամիությունը կշարունակի աշխատել՝ բոլոր միջոցներով ապահովելու խոցելի խմբերի պարենային կարիքները, կշարունակի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը միջազգային շուկաներ «համերաշխության գոտիներով»։
«Բայց կարևոր է, որ Սև ծովի բլոկադան դադարեցվի և Սև ծովով արտահանումը շարունակվի», - ընդգծել է նա։
Ուկրաինայի զինված ուժերը հաղորդում են անցած գիշեր ռուսական զանգվածային հարձակման հետևանքով տուժած խաղաղ բնակիչների մասին։
Ըստ հաղորդման՝ Օդեսայի մարզում տուժել է առնվազն 12 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ իննամյա երեխա, Խերսոնում մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել։
«Օդեսայում երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել օկուպանտների կողմից քաղաքի հրթիռակոծության հետևանքով։ Վեց մարդ վիրավորվել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռների խոցման ժամանակ առաջացած պայթյունի ալիքներից, ևս երեքը՝ Օդեսայի շրջանի այլ բնակավայրերում, որտեղ հրդեհներ են սկսվել հարվածների և բեկորների ընկնելու հետևանքով», - ասվում է «Հարավ» օպերատիվ հրամանատարության ֆեյսբուքյան էջում։
Ղրիմում զինամթերքի մեծ պահեստ է բռնկվել, պայթյունները շարունակվում են արդեն մի քանի ժամ։ Իշխանությունները փակել են թերակղզու գլխավոր մայրուղին և տարհանում են շրջակա գյուղերի բնակիչներին։
Ղրիմի՝ ռուսական իշխանությունների կողմից նշանակված ղեկավար Սերգեյ Ակսյոնովն ասել է, որ ավելի քան երկու հազար մարդ է պլանավորվում տարհանել հրդեհին մոտ գտնվող բնակավայրերից։ «Պլանավորվում է չորս բնակավայրերի բնակիչների ժամանակավոր տարհանում», - գրել է նա իր Տելեգրամ ալիքում։
Ակսյոնովը նաև հայտնել է, որ հրդեհի բռնկման պատճառով փակվել է «Տավրիդա» մայրուղին։