Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

08:26 19.7.2023

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Միջազգային քրեական դատարանին խնդրում է թույլ տալ չձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այն դեպքում, եթե վերջինս այցելի Յոհանեսբուրգ՝ BRICS-ի ժողովին մասնակցելու համար:

«Հարավային Աֆրիկան ակնհայտ խնդիրներ ունի նախագահ Պուտինին ձերբակալելու և արտահանձնելու խնդրանքը կատարելու հարցում: Ռուսաստանը նկատել է տվել, որ իր նախագահի ձերբակալությունը կհամարի պատերազմի հայտարարություն», - ասվում է Ռամաֆոսայի ուղերձում:

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը, չմանրամասնելով, նշել է, որ այդ հարցի շուրջ քննարկումներ է անցկացնում ՄՔԴ-ի հետ:

BRICS-ի գագաթնաժողովը, որին հրավիրված է Վլադիմիր Պուտինը, պետք է տեղի ունենա օգոստոսին:

08:22 19.7.2023

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի այլ երկրների հետ աշխատել Սև ծովով ուկրաինական հացահատիկի փոխադրումը շարունակելու համար: Այդ մասին ասել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանն անհապաղ վերանայել գործարքը չերկարաձգելու որոշումը և միաժամանակ հայտնում ենք, որ մենք շարունակելու ենք մյուս երկրների հետ ջանքեր գործադրել Սև ծովով թե՛ ուկրաինական և թե՛ ռուսական արտադրության հացահատիկն աշխարհի երկրներ հասցնելու ջանքերը», - ասել է Քիրբին:

Նրա փոխանցմամբ, ամերիկյան պատժամիջոցները երբևէ պարենի կամ պարարտանյութի վրա չեն տարածվել:

Քիրբիի խոսքով, ոչինչ, այդ թվում՝ Ղրիմի կամրջին հասցված հարվածը, չի կարող արդարացնել գործարքից հրաժարվելու ռուսների որոշումը:

Երեկ ՄԱԿ-ը հայտարարել է, որ այդ որոշումը մեծ ճգնաժամ կստեղծի աշխարհի աղքատ երկրներում:

17:52 18.7.2023

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ և դաշնակիցները հավատարիմ են Ռուսաստանի հարձակումից պաշտպանվող Ուկրաինային աջակցելու հանձնառությանը:

Օսթինն այդ մասին ասել է Ուկրաինային զենք տրամադրելու հարցով շփման խմբի առցանց հանդիպման ընթացքում: Այդ խմբին անդամակցել են ընդհանուր հաշվով 54 պետություններ:

«Ուկրաինայի հակագրոհը նշանակալից զարգացում է այս ողբերգական պատերազմի ընթացքում: Ուկրաինայի զինված ուժերը փորձում է վերահաստատել հսկողությունն իր ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ռուսաստանի ագրեսիան չափազանց անկայուն վիճակ է ստեղծել: Պուտինի սարսափելի և արյունալի պատերազմը շարունակում է կյանքեր խլել»,- ասել է Օսթինը:

Նրա խոսքով, ազատության համար Ուկրաինայի պայքարը ոչ թե արագավազք է, այլ մարաթոն:

ԱՄՆ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ դաշնակիցները կշարունակեն սատարել Ուկրաինային, քանի առաջնորդվում են ընդհանուր արժեքներով՝ ինքնիշխանություն, մարդու իրավունքներ և ազատություն, և դեմ են, որ որևէ հզոր երկիր հարձակվի խաղաղասեր հարևանի վրա ու փորձի ուժով փոխել սահմանները:

Ենթադրվում է, որ խումբը հերթական համաժողովում քննարկելու է Ուկրաինայի նախաձեռնած հակագրոհի, Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զինամթերք տրամադրելու հարցերը:

15:49 18.7.2023

F-16 տեսակի ամերիկյան արտադրության կործանիչներով վարժանքներ կատարելու նպատակով ուկրաինացի օդաչուների առաջին խումբը մինչև ամռան վերջ կմեկնի արտասահման:

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի փոխանցմամբ, օդաչուների ուսուցումը կմեկնարկի առաջիկա շաբաթների ընթացքում:

Իգնատի փոխանցմամբ, ուսուցումը տեղի կունենա տարբեր երկրներում, քանի որ միայն մեկ երկրում հնարավոր չէ այդքան մեծ թվով օդաչուներ պատրաստել:

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում Ուկրաինան և 11 գործընկեր երկրներ կնքել են F-16 կործանիչներով աշխատելու համար ուկրաինացի օդաչուների ուսուցում իրականացնելու համաձայնագիր:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG