Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:39 17.7.2023

Հերթական անգամ գրոհի է ենթարկվել Ղրիմի թերակղզին Ռուսաստանի հետ կապող ռազմավարական նշանակության կամուրջը:

Պայթյունների հետևանքով զոհվել են ավտոմեքենայում գտնվող ամուսիններն ու վիրավորվել է նրանց փոքրիկ դուստրը: Ըստ բժիշկների՝ երեխան միջին ծանրության վիճակում է: Երթևեկությունը միառժամանակ դադարեցվել է:

Մոսկվայի կողմից Ղրիմի ղեկավար նշանակված Սերգեյ Ակսյոնովն ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել կամրջի 145-րդ հենասյան հատվածում:

Անցյալ տարվա հոկտեմբերին այդ կամուրջը գրոհի էր ենթարկվել, սակայն Ուկրաինան բացահայտ դրա համար պատասխանատվություն չի ստաձնել և միայն ամիսներ անց անուղղակի ակնարկներով է նկատել տվել, որ գուցե ինչ-որ առնչություն ունի դրա հետ:

Ռուսաստանի հակաահաբեկչական պետական կոմիտեն այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած գրոհն անվանել է ահաբեկչական գործողություն: Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ասել է, որ հարուցվել է քրեական գործ, կասկածյալներն ուկրաինացիներ են:

«Հետաքննությունը պարզում է ուկրաինական հատուկ ծառայությունների և զինված կազմավորումներից անձանց, որոնք ներգրավված են այս հանցագործության կազմակերպման ու իրականացման գործում»,- ասել է Պետրենկոն։

Մասնագետների փոխանցմամբ, գրոհն իրագործվել է երկու ծովային ԱԹՍ-ներով:

16:32 17.7.2023

Ադրբեջանն Ուկրաինային 7 միլիոն 600 հազար ամերիկյան դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի։ Այսօր նման հրահանգ է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից երկրի էներգետիկայի նախարարությանը հատկացվող այս գումարը ծախսվելու է Ուկրաինայի համար էլեկտրական սարքավորումներ ձեռք բերելու և դրանք այդ երկիր առաքելու համար։

17:16 16.7.2023

Հարավային Կորեան ավելի շատ ականազերծման սարքավորումներ կտրամադրի Ուկրաինային, կիրակի օրը հայտարարել է հարավկորեացի պաշտոնյան՝ շաբաթավերջին նախագահ Յուն Սուկ Յոլի Կիև կատարած այցից հետո: Յուն Սուկ Յոլը խոստացել էր ավելի շատ ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Ռուսաստանի դեմ պայքարում:

«Մենք մտածում ենք ընդլայնել ականների որոնիչների և ականազերծման սարքավորումների աջակցությունը, քանի որ Ուկրաինայի պահանջարկը մեծ է», - ճեպազրույցում ասել է Յունի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Կիմ Թաե Հյոն:

17:14 16.7.2023

Հուլիսի 16-ի գիշերը ռուս զինվորականները հարվածել են Ուկրաինայի տարածքի ուղղությամբ, զորս մարդ զոհվել է, կան վիրավորներ, հայտնում են Կիևից։

Դոնեցկի մարզում երկու մարդ է մահացել Չասով Յար քաղաքում և Ալեքսանդրո-Շուլտինո գյուղում։ Մեկ մարդ վիրավորվել է, մեկը զոհվել է Խերսոնում, մյուսը՝ Խարկովի մարզում։

Գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Զապորոժիեի վրա՝ մեկ մարդ վիրավորվել է։ Վնասվել են ենթակառուցվածքներ, պայթյունի ալիքից պատուհաններ են պայթել հարակից շենքերում։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնել գիշերային հարձակման մասին, զոհերի մասին չի հաղորդվում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG