Ռուսաստանին դեռևս անհրաժեշտ չի եղել օգտագործել կասետային զինամթերք, բայց «եթե դրանք կիրառվեն մեր դեմ, մենք իրավունք ենք վերապահում հայելային գործողություններին», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մինչ այժմ մենք դա չենք արել, չենք օգտագործել և նման կարիք չենք ունեցել, չնայած հայտնի դեֆիցիտին որոշակի ժամանակահատվածում, ունենք նաև զինամթերք, բայց դա չենք արել։ Բայց, իհարկե, եթե դրանք օգտագործվեն մեր դեմ, մեզ վերապահում ենք հայելային գործողությունների իրավունքը», - ասել է Պուտինը։
Ուկրաինայի հարավում ուկրաինական զորքի առաջխաղացման մասին Կիևի պնդումներին ֆոնին այսօր ռուսական կողմը կրկին հրթիռային հարվածներ է հասցրել այդ երկրի բնակավայրերին։
Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ ռուսական զինուժը թիրախավորել է հյուսիս-արևելքում գտնվող Սումի նահանգի սահմանային շրջանները, որտեղ բազմաթիվ պայթյուններ են գրանցվել, զոհերի մասին տվյալներ չկան։ Սումիի շրջանային ռազմական վարչակազմը հայտնել է, որ վնասվել են մի քանի բնակելի շենքեր և գյուղատնտեսական տեխնիկա:
Ռուսաստանին սահմանակից այդ մարզը վերջին շրջանում հաճախ է հրթիռակոծությունների ենթարկվում։ Հուլիսի 4-ին նույն մարզկենտրոն Սումիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 21-ը վիրավորվել է։
Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հարավային Աֆրիկայի առաջնորդ Սիրիլ Ռամաֆոսան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հացահատիկի գործարքի հարցը, որով ուկրաինական հացահատիկը սևծովյան նավահանգիստներով արտահանվում է համաշխարհային շուկաներ՝ չնայած շարունակվող պատերազմին։
«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստան-ՄԱԿ համապատասխան հուշագրով նախատեսված պարտավորությունները՝ վերացնելու ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները, դեռևս չկատարված են», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ուկրաինական հացահատիկի արտահանման պայմանագրի ժամկետը կրկին ավարտվում է հուլիսի 17-ին։ Մոսկվան պարբերաբար սպառնում է խզել անցյալ ամռանը կնքված գործարքը, սակայն, ինչպես հուլիսի սկզբին նշել էր Financial Times-ը, այս անգամ Ռուսաստանի սպառնալիքներն ավելի լուրջ են թվում, քան նախկինում։
Չնայած ՌԴ նախագահի հայտարարություններին, ՄԱԿ-ը և թուրք պաշտոնյաները, որոնց միջնորդությամբ կնքվել է գործարքը, Ռուսաստանին կոչ են անում երկարաձգել այն, ինչը կարևոր է պարենային ապրանքների համաշխարհային շուկայի կայունության համար։
Ռուսաստանյան իրավապահները պնդում են, որ կանխել են Մարգարիտա Սիմոնյանի և Քսենիա Սոբչակի սպանությունը։
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, Մոսկվայում և Ռյազանի շրջանում ձերբակալվել են «նեոնացիստական խմբավորման անդամներ», որոնք, ըստ գերատեսչության, նախապատրաստում էին Russia Today պետական քարոզչական ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, ինչպես նաև հայտնի հեռուստաաստղ Քսենիա Սոբչակի սպանությունը։
Ռուսաստանյան հատուկ ծառայության պնդմամբ, սպանության պատվիրատուն Ուկրաինան է։