Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առցանց անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, թե ուկրաինական հակահարձակման ակտիվությունը նվազել է, նրանք վերախմբավորվում են, բայց դեռ պոտենցիալ ունեն հարձակողական գործողությունների համար։
Շոյգուն ասել է, որ կամավորների լրացուցիչ հավաքագրման կարիք չկա, նշելով, որ պայմանագրային հիմքերով 114 հազար մարդ ծառայության է անցել բանակում, ևս 52 հազարը կամավորներ են, բայց նա ժամկետներ չի նշել, թե երբ են նրանք միացել բանակին։
Վերլուծաբանները հայտարարում են, թե ուկրաինական հակահարձակումը թեև սպասվածից ավելի դանդաղ և դժվարությամբ, բայց առաջ է գնում։
Նախագահ Զելենսկին հակադարձում է․ - «Ոմանք կարծում են, թե սա հոլիվուդյան ֆիլմ է և արագ արդյունքներ են ակնկալում: Դա այդպես չէ»։
Հակահարձակման այս երկու շաբաթվա ընթացքում ուկրաինական ուժերը կարողացել են հետ վերցնել ութ գյուղ Զապորոժիեի և Դոնեցկի մարզերում։ Զելենսկին ասում է, որ ռազմական գործողությունները հեշտ չեն ընթանում, քանի որ ուկրաինական տարածքի 200 հազար քառակուսի կիլոմետրը ականապատվել է ռուսական ուժերի կողմից. - «Ինչ էլ որ ոմանք ցանկանան, ներառյալ մեզ վրա ճնշում գործադրելու փորձերը, ամենայն հարգանքով, մենք կշարժվենք մարտի դաշտում այնպես, ինչպես մենք լավագույնն ենք համարում»։
Արևմտյան մամուլը, փորձագետները ուկրաինական այս հակահարձակումը վճռորոշ են համարում և պնդում, որ եթե այն ձախողվի, արևմտյան, հատկապես ամերիկյան աննախադեպ օգնությունը դժվար թե նույն թափով շարունակվի, և Ուկրաինան ստիպված կլինի նստել բանակցային սեղանի շուրջ։
Ուկրաինայի առաջնորդը սակայն պնդում է՝ կապ չունի, թե ինչ արդյունքներ կտա այս հակահարձակմումը, կապ չունի, թե ով կլինի Կրեմլում՝ Պուտինը թե մեկ ուրիշը, Կիևը չի համակերպվի սառեցված հակահամարտության գաղափարի հետ. - «Անկախ նրանից, թե որքան հեռու ենք մենք առաջ շարժվել մեր հակահարձակման մեջ, մենք չենք համաձայնի սառեցված հակամարտությանը, քանի որ դա պատերազմ է, դա անհեռանկար զարգացում է Ուկրաինայի համար»:
Արևմտյան փորձագետները միևնույն ժամանակ մտավախություն ունեն, որ եթե ռուսների վիճակը ռազմի դաշտում իսկապես վատանա և նրանք պարտվելու վտանգի առաջ կանգնած լինեն, կմեծանա միջուկային հարվածի հավանականությունը։ Ավելին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին զգուշացրել է, որ Վլադիմիր Պուտինի կողմից տակտիկական միջուկային զենք օգտագործելու սպառնալիքը իրական է։
Զելենսկին մինչդեռ ասում է, թե չի հավատում, որ Պուտինը կգնա նման քայլի. - «Նա խոսում է միջուկային զենքի կիրառման մասին, բայց ես չեմ կարծում, որ պատրաստ է դա անել, քանի որ վախենում է իր կյանքի համար։ Նա շատ է սիրում կյանքը։ Բայց ես չեմ կարող հստակ ասել, հատկապես որ խոսքը իրականության հետ կապ չունեցող, 21-րդ դարում իր հարևանի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսած մի մարդու մասին է»։
Եվրոպական միության անդամ երկրների դեսպանները հաստատել են Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների 11-րդ փաթեթը:
Այդ մասին Twitter-ում տեղադրած գրառամբ հայտնել է Եվրամիության շվեդական նախագահությունը:
«Այսօր հաստատվել է 11-րդ փաթեթը, դրանում ներառվել են սանկցիաների շրջանցման դեմ ուղղված միջոցներ»,- ասվում է հաղորդագրությունում:
11-րդ փաթեթի հաստատումը մինչ այդ ձախողվել է ԵՄ դեսպանների հունիսի 7-ի և հունիսի 14-ի ժողովներում, քանի որ առարկություններր են ներկայացրել Հունաստանի և Հունգարիայի պատվիրակները:
Նրանք, մասնավորապես, խնդրել են ցանկից դուրս հանել արևմտյան պատժամիջոցները շրջանցելու հարցում ռուսներին աջակցող մի քանի ընկերություններ:
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթով հնարավոր կլինի արգելափակել մոտ 11 միլիարդ 400 միլիոն եվրոյի հասնող առևտուրը Ռուսաստանի հետ:
Ռուսաստանի նկատմամբ Եվրոպական միության սահմանած նախորդ՝ 10-րդ փաթեթը հաստատվել է փետրվարի 25-ին:
Ուկրաինային ռուսական ագրեսիայից վերականգնվելու համար առաջիկա մեկ տարում անհրաժեշտ է ավելի քան 6 միլիարդ դոլար: Այդ մասին Լոնդոնում Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հարցերով միջազգային համաժողովում ասել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:
«Մեր գործընկերներն արդեն խոստացել են մեզ տրամադրել առաջիկա 12 ամսվա ընթացքում արագ վերականգնման համար անհրաժեշտ 14 միլիարդ 100 միլիոն դոլարից 4 միլիարդ 300 միլիոնը, բայց մեզ տակավին պետք է ևս 6,5 միլիարդ: Հուսով ենք մինչև այս համաժողովի ավարտը երաշխավորել նաև այդ գումարը», - հայտարարել է վարչապետ Դենիս Շմիհալը:
Իր ելույթում նա ասել է նաև, որ ագրեսոր Ռուսաստանը պարտավոր է հատուցում վճարել: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի հաշվարկներով անցյալ տարվա փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում այս տարվա մարտ ամսվա դրությամբ վնասը կազմել է 411 միլիարդ դոլար և շատ
է, որ այդ գումարն ի վերջո կհասնի 1 տրիլիոնի:
«Վնասը պետք է փոխհատուցի Ռուսաստանը»,- Լոնդոնում ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը: