Հավաքական Արևմուտքն իսկական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Այդ մասին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է Ռուսաստանի ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր ավանդական հավաքում:
Միջոցառմանը մասնակցել և սպաներին ողջունել ու հաջողություն է մաղթել գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արևմուտքը պատերազմ է հայտարարել, անընդհատ պատժամիջոցներ է սահմանում, հարևան պետություններում հրահրում է անկարգություններ և ռազմական հակամարտություններ», - ասել է Շոյգուն:
Նա հավաստիացրել է, թե երկրի ղեկավարությունը կարող է համոզված լինել, որ «զինված ուժերն ամեն ինչ կանի ռազմական անվտանգությունը և ինքնիշխանությունը պահպանելու համար»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոնում Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հարցերով միջազգային համաժողովում ասել է, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ևս 1 միլիարդ 300 միլիոն դոլարի օգնություն:
«ԱՄՆ Կոնգրեսի աջակցությամբ մենք կտրամադրենք այդ գումարը Կիևին՝ երկրի առաջ դրված նպատակներին հասնելու համար»,- ասել է պետքարտուղարը:
Այդ գումարից 520 միլիոնը կուղղվի Ուկրաինայի էներգահամակարգին, 657 միլիոնն էլ կտրամադրվի սահմանային անցակետերի, նավահանգիստների, երկաթուղու և կարևոր այլ ենթակառուցվածքների վերանորոգմանն ու արդիականացմանը: 100 միլիոն կտրվի Ուկրաինայի մաքսային ծառայությունների թվայնացմանը և կոռուպցիայի դեմ պայքարը խստացնելու այլ ծրագրերին: 35 միլիոն դոլար կհատկացվի ուկրաինական բիզնեսի ֆինանսավորմանը և ապահովագրմանը:
Բլինքենի փոխանցմամբ, ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ Միացյալ Նահանգներն Ուկրաինային ընդհանուր հաշվով արդեն տրամադրել է ավելի քան 20 միլիարդ դոլարի աջակցություն:
Այսօր Լոնդոնում մեկնարկում է երկօրյա միջազգային կոնֆերանս՝ նվիրված Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը՝ Ukraine Recovery Conference։ Դրան կմասնակցեն Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի վարչապետները, Եվրահանձնաժողովի ղեկավարը, ԱՄՆ պետքարտուղարը և հարյուրավոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք կստորագրեն հռչակագիր պատերազմից հետո Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը մասնակցելու մասին։
Ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, վարչապետ Ռիշի Սունակը համաժողովում կհայտարարի, որ իր երկիրը երեք տարով երաշխավորելու է Համաշխարհային բանկի կողմից 3 միլիարդ դոլարի վարկը։ Այդ գումարը կուղղվի Ուկրաինայի պետական կառույցների, այդ թվում՝ դպրոցների ու հիվանդանոցների աշխատանքի ֆինանսավորմանը։
Բացի այդ, Մեծ Բրիտանիան իր ներդրումային գործակալության միջոցով կտրամադրի ևս 250 միլիոն ֆունտ (319 միլիոն դոլար) Ուկրաինայում ներդրումներ կատարելու համար:
Բրիտանական կառավարությունը հայտարարում է, որ 400 ընկերություններ 38 երկրներից, այդ թվում՝ խոշոր միջազգային կորպորացիաներ, կմասնակցեն համաժողովին։
Մոսկովյան մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հաստատել է Ռուսաստանի մայրաքաղաքի մերձակայքում երկու անօդաչու թռչող սարքի ընկնելը և լուսանկարներ է հրապարակել այդ վայրերից։
«Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 5:30 և 5:50 ինքնաթիռային տիպի երկու սարք ընկել է զորամասերից մեկի պահեստին մոտենալով՝ զինվորականների հակազդեցության հետևանքով։ Բեկորները հայտնաբերվել են, ավերածություններ և տուժածներ չկան», - գրում է նահանգապետը:
Վորոբյովի խոսքով՝ անօդաչուները խոցվել են Նարո-Ֆոմինսկի շրջանի Կալինինեց գյուղում՝ Մոսկվայի հարավ-արևմուտքում։
Ռուսական Տելեգրամ լրատվական ալիքներն ավելի վաղ հայտնել էին, որ առավոտյան երեք անօդաչու թռչող սարք է ընկել Մոսկվայի մերձակայքում. երրորդը, ըստ դրանց տեղեկությունների, պայթել է երկնքում Լուկինո գյուղի մոտ՝ Մոսկվայի արվարձաններից մոտ 13 կմ հարավ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կանխել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Մոսկվայի շրջանի օբյեկտների վրա։ Նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը երեքն են եղել: Չի նշվում, թե կոնկրետ ինչ թիրախներ դրանք ունեին: