Մատչելիության հղումներ

Հայկուհի Հարությունյանը վստահ է՝ եթե հանրային ծառայողները հետևեն ընդունվելիք կանոններին, նրանց աշխատանքը զերծ կլինի կոռուպցիայից


Արդյունավետ հակակոռուպցիոն միջոցների իրականացումը պահանջում է ամուր քաղաքական կամք ու հանձնառություն, և Հայաստանն ունի այդ քաղաքական կամքը, այսօր Երևանում կայացած աշխատաժողովին հայտարարեց Ստրասբուրգից միացած Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն խմբի՝ ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղարը։

Աշխատաժողովի թեման հանրային ծառայողների վարքագծի նոր կանոններն էին, որ մշակել է Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ եվրոպական փորձի օրինակով։

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը վստահ է՝ եթե հանրային ծառայողները հետևեն այս կանոններին, ապա նրանց աշխատանքը զերծ կլինի կոռուպցիայից. «Դրանք վերաբերում են կոռուպցիոն այնպիսի հնարավոր ռիսկերին, ինչպիսին շահերի բախումն է, պաշտոնի հետ այլ ցանկացած վճարովի աշխատանքի, բացառությամբ ստեղծագործական աշխատանքի հետ համատեղելիությունը, վճարովի որպես այլ աշխատանք, այլ սահմանափակումներ, ինչպես նաև ազգակցական կապի առկայության պարագայում համատեղ աշխատանքը և այլն»:

Բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի, որոնք ունեն վարքագծի իրենց կանոնները, մնացյալ պետական մարմիններում բոլոր հանրային ծառայողները պարտավոր են հետևել նոր կանոններին, որոնք, ըստ Հարությունյանի՝ կհաստատվեն ապրիլին։ Դրանց չհետևելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ՝ ընդհուպ աշխատանքից հեռացում։

«Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ կոնկրետ վարքագիծը գուցեև արդեն կոնկրետ հանցակազմի տարրեր պարունակի և հանգեցնի նաև կոնկրետ քրեական հետապնդման և դրա արդյունքով նաև քրեական պատասխանատվության», - նշեց նա:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ կառույցն ունի գործող վարքագծի կանոններ, որոնց պետք է ենթարկվեն աշխատակիցները։ Այժմ վարքագծի կանոնները վերամշակման փուլում են։ Պաշտոնյան ասաց՝ եղել են նաև գրանցված խախտումներ. «Քանի որ վարքագծի կանոնների մեկ, բարեվարքության պետության կողմից սահմանվող կանոնների մեկ ընդհանուր սկզբունք պետք է մշակվի, գաղափարներ, այսպես ասած, բնականաբար մենք մեկը պետք է լինենք, մեր կառույցը պետք է լինի մեկը պետական այդ ամբողջ համակարգում, և չենք կարող մենք տարբերվել ընդհանուրից, և որքան էլ առանձին մարմիններ ունենալու են իրենց վարքագծի հատուկ կանոնները, դա չի նշանակում, որ կարող են դրանք խիստ տարբերվել պետության կողմից սահմանված, այլ պետական մարմինների համար սահմանվող այլ վարքագծի կանոններից»:

«Վարքագծի կանոնագիրքը բարեվարքության համակարգի կայացման ճանապարհին» խորագրով այսօրվա աշխատաժողովին մասնակցում էին տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Քննարկումը, սակայն, լուսաբանման համար փակ էր։

XS
SM
MD
LG