Վերջին շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերի կայուն նվազում է նկատվում: Այսօր կառավարության նիստին այս մասին տեղեկացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նկատելով, որ «Օմիկրոն» շտամով վարակվելու դեպքում քաղաքացիները ավելի հեշտ են հաղթահարում վիրուսը։
«Երեկ թեստավորվել է 4 հազար 759 քաղաքացի, նոր դեպքերը 946-ն են: Ցավոք, ունենք 24 մահ: Այս պահին Հայաստանում շրջանառվում է «օմիկրոն» շտամի Բ1 և Բ2 ենթաշտամերը: Մենք ամեն շաբաթ ընտրանքային հետազոտություններ ենք իրականացնում: Եվ, կարծես, «դելտա» շտամն իսպառ դուրս է մղվել «օմիկրոն» շտամի ազդեցության ներքո», - ասաց Ավանեսյանը:
Նախարարի փոխանցմամբ, 60 տարեկանից բարձր քաղաքացիների 40 տոկոսը պատվաստվել է: Ցուցանիշը վերջին 1-2 ամսում, ըստ գերատեսչության դիտարկման, աճել է, և իրազեկման աշխատանքեր են տարվում պատվաստման տեմպերն ավելացնելու համար. - «Մենք այս պահին ունենք առաջին դեղաչափը ստացած 1 միլիոն 80 հազար 715 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 47,9 տոկոսը, և երկրորդ դեղաչափը ստացած, այսինքն՝ ամբողջությամբ պատվաստված 905 հազար 624 քաղաքացի, որը կազմում է 40 տոկոսը: Իրականացնում ենք նաև 3-րդ խթանիչ դեղաչափով պատվաստումներ: Ունենք արդեն 20 հազար 169 քաղաքացի, որոնք ստացել են բուստեր դեղաչափը»։
Նախարարի խոսքով, առաջիկայում հիվանդանոցներում կմեկնարկի մահճակալների կրճատման գործընթացը: Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ ինչպես և մասնագետրները կանխատեսում էին, օմիկրոն շտամի տարածումից հետո վարակիրների ռեկորդային թվեր գրանցվեցին, մեկ օրվա ընթացքում հասնելով մինչև 4500 -ի։
Այժմ մասնագետները կանխատեսում են վարակի տարածման տեմպի նվազում։ Չի բացառվում, որ հենց դա հաշվի առնելով, կառավարությունը փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանի. - «Ճիշտ չի ստացվի, եթե մենք դիմակների կրման պահանջը հանենք ու դրանից հետո նորից թվերի աճ ունենանք։ Մանրամասն վերլուծվե՞լ ա էս իրողությունը»։
«Այո։ Կանխատեսում ենք, որ առաջիկայում ևս նվազման տենդենցը պահպանվելու է», - պատասխանեց նախարարը՝ շարունակելով. - «Մեր սահմանափակումները նաև դիտարկում ենք այլ երկրներում հակահամաճարակային կանոնների վերանայումներին, մասնագիտական, ԱՀԿ-ի և այլ խորհրդատվություններին համահունչ: Այս շաբաթվա ընթացքում տենդենցի պահպանման շրջանակում մենք, վերանայելու ենք որոշ սահմանափակումներ: Դիմակների կրումը որոշ հաստատություններում, ինչպիսին, օրինակ՝ բժշկական կենտրոններն են, կմնան պարտադիր, որովհետև այնտեղ ունենք բարձր ռիսկայնություն: Ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունը կլինի խորհրդատվական բնույթի, որ քաղաքացիները պահպանեն դիմակների կրումը, երբ գտնվում են այլոց հետ փակ տարացքում՝ շատ մարդկանց շրջանում: Բայց կրելու պարտադիր բնույթը վերանայվելու է»։
Այժմ Հայաստանում գործում են փակ տարածքներում դիմակ դնելու, աշխատող քաղաքացիների պատվաստման և հանրային վայրեր այցելելիս պատվաստման հավաստագիր կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջները։ Այս վերջինն ուժի մեջ մտավ մեկ ամիս առաջ։