Պաշտոնական Մոսկվայի համոզմամբ, Ուկրաինա ռուսական ենթադրյալ ներխուժման մասին ամենօրյա արևմտյան կանխատեսումները սադրիչ բնույթ ունեն։ Այս մասին Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահն իհարկե դրանց վրա ուշադրություն չի դարձնում, սակայն այդ հայտարարությունները սադրիչ բնույթ ունեն։ Նման հայտարարությունները նպաստում են լարվածության աճին։ Իսկ երբ իրադրությունը սրված է, ինչպես այժմ շփման գծի երկայնքով, ապա ցանկացած կայծ, ցանկացած չնախատեսված միջադեպ կամ ցանկացած պլանավորված մանր սադրանք կարող է անդառնալի հետևանքներ ունենալ», - հայտարարում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։