Մատչելիության հղումներ

Heritage-ի տնտեսական ազատությունների զեկույցում Հայաստանը մնում է չափավոր ազատ երկրների խմբում


Տեքստիլ գործարան Հայաստանում, արխիվ
Տեքստիլ գործարան Հայաստանում, արխիվ

Heritage հիմնադրամի տնտեսական ազատությունների 2022 թվականի զեկույցում Հայաստանը 58-րդ տեղում է, 63,3 միավոր ունի և գտնվում է չափավոր ազատ երկրների շարքում։ Նախորդ զեկույցի համեմատ տնտեսական ազատության ցուցիչը 6,6 կետով նվազել է:

Տնտեսական ազատությունների միավորները ստացվում են չորս հիմնական ոլորտների կամ սկզբունքների ուսումնասիրություններից՝ օրենքի գերակայություն, կառավարության սահմանափակ միջամտություն, կարգավորման արդյունավետություն և ազատ շուկա։

Ըստ հրապարակված ցուցիչների՝ Հայաստանում առաջընթաց է արձանագրվել միայն երկու՝ կառավարման ամբողջականության և ֆինանսների ազատության ուղղություններով, ութ ուղղություններում ցուցիչների անկում է արձանագրվել, ամենացածր բալլերը տրված են դատական համակարգի արդյունավետությանը, իսկ ֆինանսական և ներդրումների ազատությունները մնացել են նույն մակարդակի վրա։

Օրենքի գերակայության ոլորտում նշված է, որ չնայած օրենքի գերակայության և դատական թույլ համակարգի ժառանգությանը՝ Հայաստանի օրենսդրությունը պաշտպանում է սեփականության իրավունքը և ապահովում է երաշխավորված վարկավորման հիմնական շրջանակը։

Դատական համակարգի մասին նշված է, որ դատարանները բախվում են համակարգված քաղաքական ազդեցության։ Դատական համակարգը խարխլվում է անարդյունավետության և ինստիտուցիոնալ կոռուպցիայի հետևանքով։ Չնայած կոռուպցիայի դեմ պայքարը ուժեղացնելու կառավարության ջանքերին՝ կոռուպցիան մնում է համակարգային, նշված է Heritage հիմնադրամի զեկույցում։

Վերջին հինգ տարիների կտրվածքով նշված է, որ տնտեսական ազատությունների միտումները խաթարվել են, իսկ աշխատանքի և բիզնեսի ազատությունների 5 բալլի կտրուկ անկման հետևանքով 2017 թվականից Հայաստանը դուրս է մնացել հիմնականում ազատ խմբից և դասվում է չափավոր ազատ երկրների խմբում։

Ընդհանուր աղյուսակում Հայաստանն ընկած է Իտալիայի ու Սերբիայի միջև։ Տարածաշրջանից առաջատարը Վրաստանն է, որն ընդգրկված է հիմնականում ազատ երկրների շարքում։ Չնայած 5,4 միավորի անկմանը՝ Վրաստանը 26-րդ տեղում է, Միացյալ Նահանգներից անմիջապես հետո։ Ադրբեջանում տնտեսական ազատությունների ցուցիչի ավելի մեծ անկում է գրանցվել՝ 8,5 միավոր։ Ադրբեջանը 75-րդ տեղում է, գտնվում է նույն խմբում, ինչ Հայաստանը՝ չափավոր ազատ երկրների շարքում։ 107-րդ տեղում գտնվող Թուրքիան ու 113-րդում գտնվող Ռուսաստանը հիմնականում անազատ երկրների խմբում են։

Heritage հիմնադրամը տնտեսական ազատությունների առումով աշխարհի երկրները բաժանում է հինգ խմբի՝ ազատ, հիմնականում ազատ, չափավոր ազատ, հիմնականում անազատ և ռեպրեսիվ։ Զեկույցում 177 պետություն է ընդգրկված։ Ազատ համարվող երկրներն ընդամենը յոթն են, առաջին տեղերում են Սինգապուրը, Շվեյցարիան, Իռլանդիան։ Իսկ ցանկի վերջին տեղերում են Կուբան, Վենեսուելան, Հյուսիսային Կորեան։ Մի քանի երկիր, այդ թվում՝ Աֆղանստանը, Սոմալին, Սիրիան, չեն ուսումնասիրվել։

XS
SM
MD
LG