Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը պահանջում է ուժեղացնել երկրի տարածքում համացանցի վերահսկողությունը


Ղազախստանում ծագած ներքաղաքական ճգնաժամից ուղիղ մեկ շաբաթ անց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հրահանգում է երկրի ուժային կառույցներին ուժեղացնել հսկողությունը համացանցի նկատմամբ՝ երկրի տարածքում զանգվածային անկարգությունները բացառելու համար։

Միջազգային անխտիր բոլոր հեղինակավոր իրավապաշտպան կառույցների կողմից աշխարհի ամենափակ և ավտորիտար պետություններից մեկը համարվող Թուրքմենստանի ղեկավարը այս մասին հայտարարեց նախօրեին՝ Անվտանգության պետական խորհրդի Աշխաբադում կայացած նիստի ժամանակ։

«Հարկավոր է վերահսկել համացանցը՝ ելնելով պահանջներից։ Հարկավոր է բացահայտել և սահմանափակել մեր երկրի տարածքում համացանցային այն աղբյուրների գործունեությունը, որոնք մեր պետության սահմանադրական կարգը խաթարող տեղեկություններ են տարածում՝ ուղղված են մեր հանրության դեմ», - հայտարարում էր Բերդիմուհամեդովը։

Մի քանի ժամ շարունակված խորհրդակցության ժամանակ, որի գրեթե ամբողջական տեսագրությունը չորեքշաբթի երեկոյան հեռարձակվել էր երկրի պետական հեռուստատեսության եթերում, Թուրքմենստանի նախագահը նաև դժգոհում էր Ազգային անվտանգության նախարարության աշխատանքից՝ պնդելով, թե 2021 թվականին այդ կառույցի տեղեկատվական և վերլուծական աշխատանքի որակն ընկել է։

«Համացանցի վերահսկողությունը չէր համապատասխանում ներկայացված պահանջներին», - դիմելով Ազգային անվտանգության նախարար Ղուրբանմիրատ Աննաևին՝ հայտարարում էր Թուրքմենստանի նախագահը։

«Աննաև, Ձեր ղեկավարած նախարարությունը պետք է խստորեն սահմանափակի համացանցում գործող այն աղբյուրների աշխատանքը, որոնք խեղաթյուրում են իրականությունը, ահաբեկչություն, ծայրահեղականություն, ազգայնականություն և այլ անօրինական երևույթներ են քարոզում», - նշում էր Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։

Աշխաբադում կայացած խորհրդակցության ընթացքում հնչած այս հայտարարությունները ըստ ամենայնի վկայում են, թե որքան են Թուրքմենստանի իշխանություններին մտահոգել հարևան Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Հակառակ պարագայում Թուրքմենստանի նախագահը հազիվ թե ուժայիններից պահանջեր էլ ավելի ուժեղացնել վերահսկողությունը համացանցի նկատմամբ մի երկրում, որը միջազգային մասնագիտական կառույցների գնահատմամբ՝ աշխարհի ամենադանդաղ և առանց այդ էլ ամբողջությամբ վերահսկվող ինտերնետն ունի։

Այստեղ արգելափակված են բոլոր սոցիալական ցանցերն ու ողջ աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող կայքերը՝ Facebook-ից ու Twitter-ից մինչև Youtube և TikTok:

Հասկանալու համար, թե որքան անազատ է համացանցը Թուրքմենստանում, միայն մեկ փաստ. անցած տարվա օգոստոսին «Ազատության» թուրքմենական ծառայությունը հաղորդեց, որ երկրի ուժային կառույցները քաղաքացիներից պահանջել են հրաժարվել արգելափակումները շրջանցող տեխնոլոգիայից՝ VPN-ից։ Երկրի մարզերից մեկում Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները նույնիսկ պահանջել էին, որպեսզի համացանցի տեղացի օգտատերը ձեռքը դնեն Ղուրանի վրա և երդվեն, որ երբեք չեն փորձի շրջանցել պետության կողմից համացանցում սահմանված արգելքները։

Հավելենք նաև, որ վերջին ամիսներին առնվազն երկու անգամ, Թուրքմենստանի մայրաքաղաքում և հարակից շրջաններում բավական տևական ժամանակով ինտերնետը պարզապես անջատվում էր, կտրելով երկրի կապը արտաքին աշխարհի հետ։

Ոստիկանությանը հրահանգվել է բացառել մարդկային բոլոր տեսակի կուտակումները

Ղազախստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին, սակայն, նոր արգելքները միայն համացանցում չէ, որ ներդրվում են։ Ալմաթիում տեղի ունեցած անկարգությունների հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ոստիկանությանը հրահանգվել է բացառել մարդկային բոլոր տեսակի կուտակումները։ «Ոստիկանության ուժեղացված հսկողությունը տեսանելի է ամենուր։ Պարեկներ կան անգամ գյուղերում», - «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությանը փոխանցել է Մարիի մարզի բնակիչներից մեկը։

Չնայած դրան, ըստ նույն աղբյուրի, հուզումներից ամբողջությամբ խուսափել չի հաջողվել։ Հունվարի 10-ին Ուզբեկստանին սահմանակից Ֆարաբ քաղաքում մոտ 200 մարդ է հավաքվել տեղական վարչակազմի շենքի առջև՝ բողոքելով սպառողական ապրանքների գնի ավելի քան յոթնապատիկ աճի դեմ։ Տեղական ոստիկանության աշխատակիցները, սակայն, արագորեն հեռացրել են ցուցարարներին քաղաքի կենտրոնական հրապարակից: «Նրանք հայտարարել են՝ «մեկ անգամ էլ նման հավաք կազմակերպեք, բոլորիդ կգնդակահարենք և նույնիսկ ձեր հարազատները չեն կարողանա ստանալ ձեր մարմինները», -պատմել է ականատեսներից մեկը։

XS
SM
MD
LG