Մատչելիության հղումներ

Փաշինյանը Ռայիսիին հրավիրել է Հայաստան՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի փոխադարձ վստահության և ջերմության մթնոլորտում թրծված հարաբերությունների անխաթար ընթացքը հարևան և բարեկամ Իրանի հետ՝ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված ուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաստելով, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ Հայաստանի կառավարության ղեկավարը շեշտել է՝ այդ ընթացքն արձանագրել է զարգացման անշեղ ուղի՝ վստահություն հայտնելով, որ հայ-իրանական ջերմ և բարիդրացիական հարաբերությունները նոր հորիզոններ կնվաճեն՝ ի նպաստ երկու երկրների զարգացման և ժողովուրդների բարօրության։

Կարևորելով Հայաստանի և Իրանի նպատակաուղղվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ Հայաստանի վարչապետը Իրանի նախագահին ուղղված ուղերձում վերահաստատել է Հայաստան այց կատարելու նրան հասցեագրված պաշտոնական հրավերը՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը:

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հանձնառու կլինենք հայ-իրանական բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների խորացմանը, և մեր համագործակցության բազմատարր օրակարգն առավել կընդլայնվի՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և երկրների», - ասված է Փաշինյանի ուղերձում։

XS
SM
MD
LG