Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է ներդրումներ անել 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած շրջաններում


Իրանի դեսպան Աբաս Մուսավին
Իրանի դեսպան Աբաս Մուսավին

Իրանը պատրաստակամ է վերականգնողական աշխատանքներ իրականացնել և ներդրումներ անել 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած շրջաններում։ Այս մասին այսօր Բաքվում հայտարարել է Իրանի դեսպան Աբաս Մուսավին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ասուլիսում։

«Կարևոր կետերից մեկը, որի շուրջ երկու երկրները կարող են լուրջ տնտեսական ծրագրեր մշակել, Ղարաբաղի ազատագրված տարածքներն են։ Մենք հայտարարել ենք այս տարածքներում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու մեր պատրաստակամության մասին։ Որոշված է, որ մեծ կարողությունների տիրապետող իրանական մասնավոր և հանրային ընկերությունները շուտով ազատագրված տարածքներում կսկսեն իրենց աշխատանքները»,- ասել է դեսպանը։

«Իռնա» գործակալության փոխանցմամբ` իրանցի դիվանագետը նաև վստահեցրել է, որ Թեհրանը, հատկապես նոր կառավարության օրոք, արտաքին քաղաքականության ոլորտում ձգտում է բարիդրացիության բոլոր հարևանների հետ։

Խոսելով տարածաշրջանային համագործակցության՝ «3+3» ձևաչափի մասին` Իրանի դեսպանը պնդել է, թե դա «ոչ ուշ ապագայում վերածվելու է ուժեղ կազմակերպության և տարածաշրջանից հեռացնելու է արտաքին ուժերի փշոտ ձեռքերը»։ Թե արտաքին որ ուժերի մասին է խոսքը, Աբաս Մուսավին չի հստակեցրել, միայն նշել է, որ այդ ձևաչափը տարածաշրջանի երկրներին «իրենց միջև առկա հակասություններն ու խնդիրներն ինքնուրույն լուծելու» հնարավորություն կտա։

Ասուլիսում ադրբեջանցի լրագրողները նաև հետաքրքրվել են՝ ինչպե՞ս է Թեհրանը վերաբերվում Հարավային Կովկասում հաղորդակցության նոր ուղիների բացմանը, որի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Իրանն աջակցում է տարածաշրջանային բոլոր կապերը։ Մենք 30 տարի արևելք-արևմուտք ճանապարհով Ադրբեջանի համար հասանելիություն ենք ապահովել դեպի Նախիջևան, և այդ ճանապարհը առաջվա պես բաց է»,- ասել է նա։

Ադրբեջանի դեսպանը զգուշացում է արել

Նույն օրը Թեհրանում ասուլիս է տվել Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որը ևս ընդգծել է երկկողմ հարաբերությունները ընդարձակելու, կապերը խորացնելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ ադրբեջանցի դեսպանը հարկ է համարել խոսել այն խնդիրներից, որոնք դուր չեն գալիս պաշտոնական Բաքվին։ «Օրինակ՝ կասկած չկա, որ Շուշայի՝ պատմական ադրբեջանական տարածքի անվան սխալ հիշատակումը չեն ողջունելու երկու ժողովուրդներից և ոչ մեկը»,- ասել է նա։

44-օրյա պատերազմի ընթացքում իրանական մամուլը, խոսելով բերդաքաղաքի մասին, երբեմն օգտագործում էր դրա հայկական՝ Շուշի անվանումը։ «Նման սխալներ թույլ տալը կարող է վատ նախադեպ ստեղծել»,- զգուշացրել է Ադրբեջանի դեսպանը առանց հավելյալ մանրամասների։

Ալիզադեն պնդել է, թե Իրանի և Ադրբեջանի նախագահներն անցած նոյեմբերին Աշխաբադում կայացած հանդիպման ժամանակ հարթել են տարաձայնությունները և նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում։ Ալիև-Ռայիսի հանդիպումից առաջ Ադրբեջանը մաքսատուրքեր էր սահմանել դեպի Հայաստան ուղևորվող իրանական բեռնատարների համար, Թեհրանն էլ հարևանին մեղադրել էր սիոնիստական վարչակազմի հետ համագործակցելու և տարածաշրջան ահաբեկիչներ բերելու մեջ։

«Այժմ արդեն այս կապերի ընդլայնման համար ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում։ Անգամ եթե խոչընդոտներ լինեն, դրանք կարելի է լուծել դեմ առ դեմ հանդիպումների միջոցով»,- ասել է Ադրբեջանի դեսպանը, հավելելով, որ միայն անցյալ տարի Իրանի ու Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, հիմա էլ երկու երկրները աշխատում են արտոնյալ առևտրի պայմանագիր կնքելու ուղղությամբ։

Բացի այդ, Թեհրանն ու Բաքուն Աշխաբադում պայմանագիր էին ստորագրել Թուրքմենստանից ստացված գազի փոխանակման մասին։ «Այս նախագիծը հաջող հեռանկար ունի, անգամ գազափոխանակման ծավալը մեծացնելու առաջարկներ կան, և այս ուղղությամբ անընդհատ քննարկումներ են ընթանում», - ասել է դեսպանը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG