Մատչելիության հղումներ

Պատերազմի ժամանակ սպան փախել է դիրքերից, 20 զինվոր է զոհվել, գործը դատարանում է․ դատախազություն


Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պատերազմի ընթացքում ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը, կոչումով մայոր Գ.Գ.-ն, պաշտոնի բերումով լինելով նույն դիվիզիոնի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսևորել է իշխանության անգործություն, որը հանգեցրել է ողբերգական հետևանքների:

Գ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում

Մասնավորապես, ըստ դատախազության, 2020-ի հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում Վարանդայի/Ֆիզուլի/ շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում հակառակորդի զինված խմբի կողմից կրակային դիրքի ձախակողմյան հատվածում տեղակայված նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի անձնակազմի ուղղությամբ գրոհ ձեռնարկելուց և տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո ենթակա անձնակազմին օգնության հասնելու, ինքնապաշտպանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջիններիս տարհանումը կազմակերպելու, ստորաբաժանման անընդմեջ ղեկավարումը կազմակերպելու և ապահովելու, ենթականերին իրավիճակից բխող խնդիրներ առաջադրելու փոխարեն Գ․Գ․-ն ԳԱԶ 33081 մակնիշի ավտոմեքենայով՝ առանց հետամուտ լինելու անգամ տվյալ մեքենայի անձնակազմի նստեցումը կազմակերպելուն, փախուստի է դիմել կրակային դիրքից: Առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմը թեև փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն հրամանատարական ղեկավարման բացակայության պայմաններում դա չի հաջողվել: Եվ համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության հետևանքով զոհվել է նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի թվով 20 զինծառայող, ասված է հաղորդագրությունում:

Գ.Գ.-ին վերաբերելի մասն անջատվել է ընդհանուր գործից, այդ մասով նախաքննություն ավարտվել է և գործն ուղարկվել դատարան: Քրեական գործի մնացած մասով նախաքննությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG