Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանն իր պաշտոնական հաղորդագրություններում շարունակում է հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումը՝ 44-օրյա պատերազմից հետո առաջացած վիճահարույց հարցերի դեպքում ներկայացնելով պաշտոնական Բաքվի ձևակերպումները։ Ընդ որում, Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Մոսկվան երբեմն հարկադրված է լինում վերանայել իր իսկ պաշտոնական հաղորդագրությունները՝ հօգուտ Ադրբեջանի դիրքորոշման։
ՌԴ ՊՆ-ն քարտեզի վրա փոխեց խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտու սահմանները
Առաջին դեպքը գրանցվեց պատերազմից ընդամենը մեկ ամիս անց, երբ 2020թ. դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր պաշտոնական կայքէջում հրապարակված քարտեզի վրա պարզապես փոխեց խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտու սահմանները՝ փոքրացնելով հայկական վերահսկողության ներքո գտնվող Արցախի տարածքը և պատերազմից հետո Հադրութի շրջանում հայկական կողմին մնացած երկու գյուղերը՝ Խծաբերդն ու Հին Թաղերը հանձնելով Ադրբեջանին։
Նույն այդ օրերին ադրբեջանական ուժերը՝ չնայած ռուսական խաղաղապահ առաքելության ներկայությանը, գրոհով գրավեցին Խծաբերդն ու Հին Թաղերը։ Հայկական կողմը 9 զոհ տվեց, 8 վիրավոր, գերեվարվեցին 64 հայ զինվորականներ, թեև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդած նոյեմբերի 9-ին զինադադարի հենց առաջին կետով «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։
Քարտեզի, սահմանների փոփոխությունը պաշտոնական Երևանը լուռ տարավ։ Կրեմլը որևէ բացատրություն չներկայացրեց։ Ցայսօր էլ Խծաբերդից ու Հին Թաղերից գերեվարված հայ զինվորականներից ոմանք դեռ գերության մեջ են Ադրբեջանում, չնայած Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, թե ջանքեր են գործադրում բոլոր հայ գերիներին ազատելու գործում։ Պատերազմից հետո մի քանի տասնյակ գերիներ նաև Մոսկվայի միջնորդությամբ են հայրենադարձվել։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ը հանվեց ՌԴ պետական գնումների կայքէջից
Հաջորդ ուշագրավ դրվագը անցած տարվա օգոստոսին էր, երբ Ռուսաստանի պետական գնումների պաշտոնական կայքէջում՝ ամսի 13-ին հայտնվեց Պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե ընդունվում են հայտեր՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված [Ռուսաստանի] պաշտպանության նախարարության զինվորական թաղամասերի զորանոցային-բնակելի ֆոնդի համալիր սպասարկում կազմակերպելու և իրականացնելու համար»։
Ռուսաստանյան պետական կայքէջում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» նշումը աղմուկ բարձրացրեց։ Լայն հանրությանը հայտնի դառնալուց անմիջապես հետո՝ սեպտեմբերի 4-ին, Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա հղեց Մոսկվա, որից հետո «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ը հանվեց պաշտոնական կայքէջից։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարեց, որ ռուսական կողմը արձագանքել է, թե տեղի ունեցածը տեխնիկական վրիպակ էր։
Ռուսաստանի ՊՆ-ն իր կայքէջում տեղադրեց, հետո ջնջեց Դադիվանքի հայկական լինելու մասին տեղեկությունը
Եվ վերջապես, Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում երեկ տեղի ունեցածը։ Օրվա առաջին կեսին հաղորդելով, որ Դադիվանք էքսկուրսիայի է գնացել ռուս խաղաղապահների մի խումբ, այնուհետև նշված էր, որ «12-13-րդ դարերի Դադիվանք վանքը միջնադարյան Հայաստանի խոշորագույն վանական համալիրներից մեկն է»։
Սակայն արդեն օրվա վերջին Դադիվանքի հայկական լինելու հատվածը ջնջվեց Ռուսաստանի ռազմական գերատեսչության կայքէջից։
Արդյո՞ք այս անգամ էլ գործ ունենք ադրբեջանական կողմի բողոքի հետ, հայտնի չէ, բայց Դադիվանքի հայկական լինելու մասին տեղեկությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ջնջեց իր կայքից` Արցախում հայկական եկեղեցիները աղվանական ներկայացնելու պաշտոնական Բաքվի նախաձեռնության ֆոնին։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե տեղի ու միջազգային փորձագետներից աշխատանքային խումբ է ստեղծվում, որն այցելելու է հայացված աղվանական հուշարձաններ՝ ընդգծելով. «Հայերը հետքեր են թողել մեր հուշարձանների վրա, որի վերաբերյալ այժմ մենք ապացույցներ ենք հավաքում»։
Գլխավոր խնդիրը պաշտոնական Երևանի փաստացի անգործությունն է նման հարցերում. քաղաքագետ
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով` վերը նշված յուրաքանչյուր դեպք հարկ է առանձին դիտարկել, և գլխավոր խնդիրն այստեղ պաշտոնական Երևանի փաստացի անգործությունն է նման հարցերում՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը, ըստ մեր զրուցակցի, հետևողականորեն աշխատում է ռուսական կողմի հետ։
«Դա կապված է նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածության հետ: Երբ հարաբերությունները լարվում են, նմանատիպ հաղորդագրություններ ի հայտ են գալիս, կամ խաղաղապահ առաքելության հաղորդագրությունների մեջ են ավելի սուր ձևակերպումներ տեղ գտնում: Սակայն ընդհանուր առմամբ ես դա չէի գնահատի որպես Ռուսաստանի ինչ-որ մոտեցում, որովհետև մեծ հաշվով օրինաչափություն էլ չկա ինչ-որ հստակ, այսինքն` տեղի է ունենում ինչ-որ միջադեպ, ինչ-որ բան է գրում կամ հայտարարում ռուսական կողմը, ադրբեջանական կողմը ճնշում է գործադրում, ռուսական կողմը գնում է, այդ ճնշումների ազդեցության տակ որոշակի որոշումներ է կայացնում: Սա, իհարկե, լուրջ խնդիր է», - ասաց քաղաքագետը:
Գրիգորյանը նաև ուշադրության հրավիրեց, որ Դադիվանքի հայկական լինելու մասին տեղեկությունը պահպանվել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության Звезда հեռուստաալիքի կայքում, ինչը, նրա խոսքով, կարելի է որպես Մոսկվայի յուրահատուկ ուղերձ ընկալել՝ Արցախում հայկական քրիստոնեական տաճարները աղվանական ներկայացնելու Բաքվի ջանքերի ֆոնին։