Ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի, երեկ հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի դեսպան Ջոն Գալագերի հետ հանդիպման ժամանակ։
Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։
Շեշտելով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը, ինչպես նաև այն, որ մարդիկ պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով՝ մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է Մեծ Բրիտանիայի դերը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև համագործակցությունը այդ երկրի մարդու իրավունքների հաստատությունների հետ:
Ջոն Գալագերը հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն է հայտնել: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցեր:
Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության, սահմանային բնակիչների իրավունքների հետ կապված հարցեր Թաթոյանը երեկ քննարկել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։