Պեկինում այսօր պաշտոնապես մեկնարկեցին համաճարակային խիստ սահմանափակումներով ու Արևմուտքի դիվանագիտական բոյկոտով ուղեկցվող 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։
Կորոնավիրուսի պատճառով արտասահմանցի երկրպագուները օլիմպիական խաղերին տեղում հետևելու հնարավորություն չունեն, նրանց տոմսեր չեն վաճառվում, նաև սահմանափակված է մարզիկների տեղաշարժը։ 24-րդ ձմեռային խաղերի բացման արարողությունը բոյկոտել եմ մի շարք երկրներ, նրանց թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան Չինաստանում մարդու իրավունքների խախտումների՝ հիմնականում մահմեդական փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի պատճառով բացման արարողությանը պաշտոնյաների չեն ուղարկել։
Պեկինի խաղերին դիվանագիտական բոյկոտ հայտարարած պետությունների մարզիկները, սակայն, օլիմպիադային մասնակցում են։ Փորձեցինք պարզել՝ արդյոք Հայաստանից որևէ պաշտոնյա մեկնե՞լ է Պեկին։ Ազգային օլիմպիական կոմիտեից ասացին, որ իրենք որևէ պաշտոնյայի մասնակցության մասին տեղեկություն չունեն, Սպորտի նախարարությունից էլ հայտնեցին՝ նման այց նախատեսված չի եղել։
24-րդ ձմեռային խաղերին մասնակցում են 91 երկրների ավելի քան 4000 մարզիկներ, ամենամեծ թիմը Միացյալ Նահանգներինն է։ Հայաստանից մասնակցության իրավունք ունեն 6 մարզիկներ, սակայն նրանցից մեկի՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի մասնակցությունը հարցականի տակ է, նրա քովիդի թեստը դրական է եղել։ Հայաստանի մյուս հինգ ներկայացուցիչներն են գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը և դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը։
Հայաստանի հավաքականից լուրջ՝ մեդալների սպասելիքներ չկան, ասում է մարզական լրագրող Գևորգ Ղազարյանը, ըստ նրա, մարզական հանրությունը նրանցից հաջող ելույթներ է ակնկալում:
«Հայ մարզիկներից մեծ հաշվով միշտ ակնկալիքներն ու սպասումները ձմեռային օլիմպիական խաղերից եղել է մեկը, որպեսզի նրանք հնարավորինս լավ հանդես գան, կարողանան իրենց անձնական ցուցանիշները գերազանցեն կամ կրկնեն, փորձեն ավելի լավ հանդես գալ, քան մինչ այդ», - նշեց Ղազարյանը:
Մարզական լրագրողը հաջողված ելույթներ է սպասում հատկապես գեղասահորդների պարային զույգից. «Ե՛վ Թինան, և՛ Սիմոնը Սենեկալ ցույց են տվել այս տարիների ընթացքում, որ պատրաստ են իրական, իսկական մարտիկների պես գնան իրենց նպատակի ետևից և հենց մեր գեղասահքից թերևս մեծագույն հաջողություն կարելի է դիտարկել, եթե նրանք հայտնվեն եզրափակչում»:
Հայաստանը ձմեռային օլիմպիական խաղերում երբևէ մեդալ չի նվաճել, ձմեռային մարզաձևերն այստեղ շատ զարգացած չեն, մարզական լրագրողի կարծիքով՝ դրա հիմնական պատճառը Հայաստանի եղանակն է. անգամ ցուրտ Աշոցքում բավարար ձյուն է լինում ընդամենը մի քանի ամսով։