Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից գերեվարված Մկրտչյանի և Խոսրովյանի նկատմամբ քրեական հետապնդման փաստը


Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը:

Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Ժնևի կոնվենցիաների՝ վերջիններս համարվում են ռազմագերի, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է անմիջապես ազատ արձակվեն, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով՝ մինչդեռ, Ադրբեջանը նրանց դեմ հարուցել է շինծու քրեական գործեր՝ դրանով իսկ բացահայտորեն խախտելով թե´ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և թե´ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը վստահեցնում է՝ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին որպես քաղաքական պատանդ և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանն առ այսօր պատասխանատվության չի ենթարկել հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք ցուցաբերած, այդ թվում՝ սպանություններ իրականացրած անձանց՝ չնայած նման հանցանք գործած անձինք փաստագրել և հրապարակայնացրել են իրենց ոճրագործությունները», - ասված է հայտարարությունում։

Պաշտոնական Բաքուն բացահայտորեն արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումներն Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ-ն՝ նշելով՝ արդյունքում, 2021թ. մարտի 9-ին դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ծանուցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին իր կողմից Ադրբեջանի դեմ ձեռնարկված միջանկյալ միջոցների մասին:

Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից և հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի, ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:

Բաքվում հունիսի 2-ին կմեկնարկի երկու հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Նրանք ձերբակալվել են ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում: Ադրբեջանի իրավապահները պնդում են, որ 90-ականներին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում նրանք ադրբեջանցի ժողովրդի դեմ ծանր հանցանքներ են գործել։

Պատերազմի ավարտից ավելի քան կես տարի անց Ադրբեջանը, չնայած ստանձնած պարտավորություններին, վերադարձրել է միայն 72 գերիների, Հայկական կողմի տարբեր տվյալներով` այդ երկրում դեռ գերության մեջ են գտնվում շուրջ 200 -ը։ Մինչդեռ Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել, ինչպես պնդում է, բոլոր պահվող ադրբեջանցիներին, նույնիսկ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։

XS
SM
MD
LG