Մատչելիության հղումներ

«Պատիվ ունեմ»-ը էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծ է մշակում` քննելու իշխանական պատգամավորի վարքագիծը


«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ է մշակում: Այս նախաձեռնության պատճառն իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթն էր ընդդեմ լրագրողների։ «Պատիվ ունեմ»-ից պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց՝ մի քանի օրից շրջանառության մեջ կդնեն նախագիծը:

«Պետք է ըստ արժանագույնս գնահատենք ինչպես իրավիճակը, այնպես էլ պատգամավորի վարքագիծը, որովհետև ընդհանրապես չի կարելի որևէ մասնագիտական համքարարության մասին այդպիսի բան ասել, անկախ նրանից, թե դու ինչ վերաբերմունք ունես, առավել ևս երկրի թիվ մեկ ամբիոնից», - ասաց նա:

Պատգամավորը նախագծի բովանդակությունն առայժմ չի մանրամասնում, բայց ասաց` Ալեքսանյանի ելույթը միակը չէ, նախագծում այլ դեպքեր էլ կներառեն, որ անհրաժեշտ է քննարկել. «Առիթները, ցավոք սրտի, շատ են»:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսանյանն անցած շաբաթ անդրադարձել էր հեռուստաընկերություններին ու հայտարարել, թե պատերազմից հետո գրեթե բոլոր հեռուստաընկերությունները ատելության խոսք են տարածում, ու այդ լրագրողները «վերբալ մարմնավաճառներ են»: «Նրանք լրագրողներ չեն, նրանք վերբալ մարմնավաճառներ են», - մասնավորապես ասել էր նա:

Մեկ տասնյակից ավելի լրագրողական կազմակերպություններ դատապարտել են իշխանության ներկայացուցչի վարքագիծը և պահանջել, որ Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով ձևավորեն ու քննարկեն հարցը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում դեռևս դիրքորոշում չունեն «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությանը միանալու վերաբերյալ։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ հարցը դեռ չեն քննարկել. «Քանի որոշում չկա, դրա համար ձեռնպահ կմնամ, բայց ինքնին ինքը շատ կարևոր գործիք է էթիկայի հանձնաժողովը, որպեսզի դաս լինի մնացած բոլոր քաղաքական գործիչների համար, թե ինչպես չի կարելի շփվել մամուլի հետ»:

Գեղամ Մանուկյանը դիմում է միջազգային լրագրողական կազմակերպություններին

Գեղամ Մանուկյանն անցած շաբաթ խորհրդարանում հայտարարեց, որ լրագրողների դեմ իշխանության ներկայացուցչի ելույթի հարցով դիմելու է միջազգային լրագրողական կազմակերպություններին։ Այսօր ասաց՝ գործընթացը սկսել է։

Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությունը կընդունվի, եթե դրան կողմ քվեարկի պատգամավորների մեծամասնությունը: Ընդդիմադիր խմբակցությունների ձայները բավարար չեն։ Իշխող խմբակցությունը կմիանա՞, թե՞ ոչ, իշխանականները այսօր խուսափում էին այս հարցին պատասխանել։

Լրագրողական կազմակերպությունները պահանջել են նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակայնորեն դիրքորոշում հայտնի և գնահատական տա Վահագն Ալեքսանյանի վիրավորական ելույթի վերաբերյալ։ Գնահատականի բացակայությունը դիտարկվելու է որպես իշխանության լուռ համաձայնություն և նման հռետորաբանության խրախուսում` ըստ կազմակերպությունների:

Իշխող թիմից Ալեքսանյանի ելույթին անդրադարձել է վարչապետ Փաշինյանն ու պաշտպանել նրան. «Եթե ես լինեի լրագրող, նկատի ունեմ գործող լրագրող, որովհետև ես եմ լրագրող մասնագիտությամբ, ես այդ հայտարարություններն ինձ չէի վերագրի, եթե ես լրագրող եմ և իմ մասնագիտությանը ծառայում եմ ազնիվ առաջին հերթին», - ասել էր վարչապետը:

Ընդդիմադիր պատգամավորները լավատես չեն, որ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի։

«Բնականաբար, Փաշինյանի խոսքերից հետո վստահ կարող եմ ասել, որ իշխող ուժը չի համաձայնել էթիկայի հանձնաժողով ձևավորելու, որքան էլ որ 2018-ին գեղեցիկ բառեր էին շռայլում` մամուլն այսքան ազատ երբեք չի եղել», - նկատում է Գեղամ Մանուկյանը:

«Ես լիահույս չեմ, որ մենք կհաջողենք, բայց միաժամանակ չեմ հիասթափվում, և պիտի անենք», - հավելում է Թագուհի Թովմասյանը:

Եթե նույնիսկ հաջողվի հանձնաժողով ստեղծել, ի՞նչ օգուտ դրանից. Լևոն Բարսեղյան

Եթե նույնիսկ հաջողվի հանձնաժողով ստեղծել, ի՞նչ օգուտ դրանից, եթե էթիկան խախտած պատգամավորներին պատժելու մեխանիզմ չկա, հարցնում է «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը. «Համարենք, որ հանձնաժողովը ձևավորվել է այս երեկոյան, ֆիքսում են, որ Պողոսը խախտել է էթիկայի նորմերը, մեջն ի՞նչ կա, ասեք, հասկանամ, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել` դրանից օգուտը որն է, հանրությունն իր գնահատականը այսպես թե այնպես ունի: Ինձ թվում է` այդպես չպիտի լինի, ինչ-որ պատժիչ մեխանիզմներ պետք է լինեն»:

Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ Ազգային ժողովում նախ պետք է էթիկայի կանոններ սահմանեն ու դրանք խախտելու դեպքում պատժամիջոցներ, որ արդյունք լինի։ Այս Ազգային ժողովում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև փոխադարձ կոշտ վիրավորանքները, ծեծկռտուքն ու հայհոյանքները բավական հաճախ են տեղի ունենում։

Այսօր էլ Կրթության և գիտության հանձնաժողովում է քննարկումը վերածվել վիճաբանության։ Քննարկվում էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը, նրան առաջադրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, քննարկումը վերածվել է վիճաբանության, Ռուբիկ Հակոբյանն ու իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անցել են փոխադարձ սուր վիրավորանքների, նիստը ընդհատվել էր։

XS
SM
MD
LG