Մատչելիության հղումներ

«Իշխանական պատգամավորը պետք է ներողություն խնդրի լրագրողներից». լրագրողական կազմակերպություններ


Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, արխիվ
Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, արխիվ

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը թիվ մեկ քաղաքական ամբիոնից հեռուստաընկերությունների աշխատանքին է անդրադարձել ու լրագրողներին վերբալ մարմնավաճառների հետ համեմատել։ Այն լրագրողներին, որոնք նրա խոսքով, ատելության խոսք են տարածում, զրպարտում են վարչապետ Փաշինյանին ու նրա ընտանիքին։

Նախկին լրագրող Փաշինյանի թիմակիցը իր ելույթում փաստեր ու անուններ չի ներկայացրել:

Տարօրինակ է, որ ատելության խոսքի դեմ իշխանության ներկայացուցիչը պայքարում է ատելության խոսքով, ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը։

«Այն բառապաշարը, որով հանդես եկավ Վահագն Ալեքսանյանը, մասնավորապես, «վերբալ մարմնավաճառներ» պիտակավորումը դասական ատելության խոսք է», - նշեց Մելիքյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը պահանջում է, որ Փաշինյանի թիմակիցը ներողություն խնդրի լրագրողներից. «Առնվազն նույն Վահագն Ալեքսանյանը պետք է ներողություն խնդրի լրագրողներից, և ինքը եթե նույնիսկ դա չանի, իր փոխարեն պետք է անի այն քաղաքական ուժը, որին ինքը ներկայացնում է»:

Իշխանական պատգամավորի ելույթը Ազգային ժողովում դատապարտեցին ընդդիմադիր պատգամավորները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որ երկար տարիներ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվականն է ղեկավարել, կդիմի միջազգային կառույցներին։

«Որպես Ազգային ժողովի պատգամավոր դիմելու եմ միջազգային կառույցներին, սա վտանգավոր ընթացք է մեր երկրում: Նաև քաղաքական մեծամասնությանն եմ դիմում, հիշեք, վաղը կարող է իշխանության չլինեք, վաղը իշխանության չլինելով դուք էլ կարող է այդ պաշտպանության կարիքը ունենաք, հանուն բոլորի թույլ մի տվեք այդ տեռորը», - ասաց Մանուկյանը:

Եթե նույնիսկ որևէ լրատվամիջոց, լրագրող զրպարտող տեղեկություն է տարածել, իշխանականներին զայրացրել, դա չի ենթադրում այնպիսի ատելության խոսք ու վիրավորանք քաղաքական ամբիոնից, ինչպիսին տարածում է իշխանության ներկայացուցիչը, ասում է Աշոտ Մելիքյանը: Նա չի բացառում, որ Վահագն Ալեքսանյանի բառապաշարը ընդունված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։ Եթե քաղաքական կամք չկա փողոցային բառամթերքից հրաժարվելու, հանրությունը պետք է պարսավանքով ու դատապարտելով սրա դեմն առնի, կարծում է լրագրողական կազմակերպության ղեկավարը։

«Քաղաքական գործչին, որը որ ինքը պետք է օրինակ ծառայի հասարակության համար և՛ վարվելակերպի, և՛ խոսելու ունակության առումով, իրենք փաստորեն շատ վատ օրինակ են ծառայում, և, ցավոք, այդ օրինակը տարածվում է հասարակության մեջ: Դա է նաև պատճառը, որ հասարակությունում այսօր այդպիսի անհանդուրժողականություն, պառակտվածություն, այլակարծության նկատմամբ ատելություն դրսևորվող իրավիճակ է», - ընդգծեց Մելիքյանը:

Իշխանական պատգամավորի ելույթն անհասցե է, սա բարդացնում է նրան իրավական պատասխանատվության ենթարկելու գործը, ասաց Աշոտ Մելիքյանը։ Լուծումն , ըստ նրա, հանրային պարսավանքն է։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի կարծիքով՝ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը պետք է զբաղվի իշխող խմբակցության պատգամավորով։

«Կոնկրետ այս պատգամավորի վարքագիծը պետք է քննության առարկա դառնա Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում, հասկանալու համար, թե այս մարդն արդյոք պատկերացնում է իր անելիքը, իր պարտականութjունները, թե ինչու է նաև հայտնվել Ազգային ժողովում, արդյոք իր գործը X բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի արժանապատվությունը պաշտպանելն է: Եթե այո, ուրեմն ինքը կարող է որպես փաստաբան վարձու աշխատանքի անցնել և իրականացնել փաստաբանական գործունեության շրջանակում», - ընդգծեց Դոյդոյանը:

Իշխանությունը լրագրողների կամ խոսքի ազատության թեմայով հաճախ է քննադատության թիրախում հայտնվում։ Ալեքսանյանից առաջ էլ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էր լրահոսի թոփ թեմա դարձել։ Նա Ազգային ժողովի միջանցքից հրահանգել էր հավաքել լրագրողների համար նախատեսված աթոռները, քանի որ իր տպավորությամբ, դրանց վրա նստած օպերատոները միջանցքում իրեն պատշաճ չեն բարևում։

Սեպտեմբերին գործող իշխանությունը սահմանափակեց լրագրողների ազատ տեղաշարժը խորհրդարանում, ինչն աննախադեպ էր։ Աշոտ Մելիքյանի ղեկավարած կազմակերպությունն արձանագրել է, որ գործող իշխանությունը, ինչպես և նախորդները ճնշման մեխանիզմներից չեն հրաժարվում, պարզապես մեխանիզմներն են տարբեր. - «Իշխանությունները, փաստորեն, մեծ հաշվով մոտեցումների առումով շատ նման են միմյանց»:

XS
SM
MD
LG