Մատչելիության հղումներ

«Օրենքը պաշտպանին տալիս է բոլոր երաշխիքները գործելու անկախ». Քրիստինե Գրիգորյան


«Օրենքը պաշտպանին տալիս է բոլոր երաշխիքները գործելու անկախ», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

Երեկ Ազգային ժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ օմբուդսմենի պաշտոնում ընտրեց Քրիստինե Գրիգորյանին։ Նա օմբուսմենի պաշտոնը կստանձնի փետրվարի 24-ից: Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վստահեցնելու մարդկանց, որ լինելու է օբյեկտիվ և իրեն առաջադրած թիմի հետ պայմանավորվածությունների մեջ չի լինելու, կախվածության մեջ չի լինելու, Գրիգորյանը պատասխանեց. «Ընդհանրապես 2015 թվականի Սահմանադրությունից հետո պաշտպանին առաջադրող սուբյեկտը Ազգային ժողովի խմբակցությունն է, այսինքն այլ սուբյեկտ այստեղ չունենք, որ կարող է որևէ թեկնածուի առաջադրել: Իմ դեպքում ունեցել ենք միայն մեկ ֆրակցիայի կողմից առաջադրում՝ «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի կողմից: Ճիշտ է ես մինչև այդ զբաղեցրել եմ քաղաքական պաշտոն, մասնագիտական գործունեություն եմ իրականացրել ու հատկապես գործունեությունս ծավալվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Հիմա՝ ինչ երաշխիք և այլն, սա երևի հարց է, որը կարող է առաջանալ յուրաքանչյուր թեկնածուի դեպքում, որն առաջադրվել է որևէ ֆրակցիայի կողմից: Պետք է նկատի ունենալ, որ պաշտպանի գործունեության սկզբունքներից է նաև քաղաքական չեզոքությունը, բնականաբար, օրենքը տալիս է բոլոր այն երաշխիքները, որոնք բավարար են պաշտպանի համար գործել անկախ, անկաշկանդ որևէ քաղաքական ուժից»:

«Անձնական մակարդակում միանշանակ ինձ համար շատ կարևոր ինստիտուտ է և մեր երկրում քչաթիվ կայացած ինստիտուտներից մեկն է: Սա իրոք հեղինակության ինստիտուտ է, ես միանշանակ գիտակցում եմ, որ որևէ ձևով այդ հեղինակությունը սասանելը, ստվերելն ուղղակիորեն ինձ է հարվածելու», - ընդգծեց նա:

Անդրադառնալով ներկայիս պաշտպան Արման Թաթոյանի քաղաքական չեզոքության վերաբերյալ հարցին, Գրիգորյանը նշեց, որ կոռեկտ չի համարում նրա քաղաքական չեզոքության հետ կապված որևէ գնահատական տալ:

Օգտատերերից մեկի հարցին էլ, թե համաձա՞յն է Գորիսի և Կապանի մի շարք գյուղերի մեկուսացման և բազմաթիվ հումանիտար խնդիրների մասով Արման Թաթոյանի դիրքորոշման հետ, Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ միայն Գորիսի և Կապանի, այլև Գեղարքունիքի մարզի և բոլոր մեր սահմանային գոտում հայտնված սահմանամերձ գյուղերի, գյուղերի բնակչության իրավունքները նշել եմ որպես ամենամեծ առաջնահերթություն պաշտպանի գործունեության: Այստեղ նաև առիթ եմ ունեցել ասելու, որ երբ խոսում ենք անվտանգության մասին, սա չպետք է վերացարկենք մարդկանցից, խոսքը հենց մարդկանց անվտանգության մասին պիտի լինի ու իրենց հայրենիքում արժանապատիվ կյանքի մասին»:

XS
SM
MD
LG