Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հերքել է Ուկրաինայում ռուսամետ առաջնորդի տեղակայման մասին հայտարարությունը


Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքում է Բրիտանիայի այն պնդումը, թե Մոսկվան պլաններ է մշակում Ուկրաինայում ռուսամետ առաջնորդի տեղակայման համար, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ մտածում է` արդյոք հրամայել զորքերին ներխուժել Ուկրաինա։

Ըստ Մոսկվայի` բրիտանական ԱԳՆ-ի հայտարարությունն ապատեղեկատվություն է, որը «ևս մեկ վկայություն է այն բանի, որ ՆԱՏՕ-ի անդամներն են` անգլո-սաքսոնական պետությունների գլխավորությամբ, սրում լարվածությունը Ուկրաինայի շուրջ»։

«Մենք կոչ ենք անում ԱԳՆ-ին դադարեցնել անհեթեթությունների տարածումը»,- ասել են նախարարությունից։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը պնդում էր, թե համաձայն իր ունեցած տեղեկատվության` «Ռուսաստանի կառավարությունը ձգտում է Կիևում ռուսամետ առաջնորդի տեղակայել», և որ Ուկրաինայի խորհրդարանի նախկին պատգամավոր Եվհեն Մուրաևը «դիտարկվում է որպես պոտենցիալ թեկնածու»:

Հայտարարության մեջ ասվում է, որ բրիտանական կառավարությունը նաև տեղեկություն ունի, որ ռուսական հետախուզական ծառայությունները կապեր են պահպանում ուկրաինացի մի քանի նախկին քաղաքական գործիչների հետ։

Լոնդոնը նաև նշել է, որ ոչ միայն Ուկրաինայի վրա հարձակման, այլև վերոնշյալ փորձի դեպքում խիստ պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի դեմ:

XS
SM
MD
LG