Մատչելիության հղումներ

«Թող ծառայողական քննություն կատարվի, պարզվի». արդեն չորս օր է տեղեկություն չկա Սև լճի տարածքում մոլորված զինծառայողի մասին


Չորրորդ օրն է ոչ մի տեղեկություն չկա Սև լճի տարածքում մոլորված զինծառայող Արթուր Դավիդյանի վերաբերյալ։ Ավագ լեյտենանտը, ըստ Պաշտպանության նախարարության, կիրակի երեկոյան առանց հրամանատարի թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, հետո նրա հետ կապը կորել է։

Նախնական տեղեկություններով՝ Արթուր Դավիդյանը մառախուղի պայմաններում մոլորվել է ու հայտնվել ադրբեջանական կողմում։ Պաշտպանական գերատեսչությունից այսօր էլ նույնն են ասում՝ ռուսական կողմի միջնորդությամբ փորձում են պարզել զինծառայողը Ադրբեջանում է, թե ոչ:

«Թող ծառայողական քննություն կատարվի, պարզվի՝ ինչո՞ւ է մոլորվել կամ էդ ժամին ինչո՞ւ է ինքը մենակ հայտնվել այդտեղ», - ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:

Պողոսյանը, որ արցախյան երկու պատերազմներով անցած զինվորական է, շեշտում է՝ նման բոլոր դեպքերում պետք է ծառայողական քննություն իրականացվի ու կարևորը՝ արդյունքն ընդունվի ի գիտություն. «Դրա համար ծառայողական քննության պետք է կատարվի, արդյունքները իմանաս, ճիշտ որոշում ներկայացնես, այդ սխալը​ բոլորի համար ի գիտութուն՝ ամբողջ բանակի, որպեսզի նման բաներ նորից չկրկնվի: Ես չգիտեմ՝ ինչ հանգամանքներում ինքը սխալվել է, ինչքան էլ տեղանքը ծանոթ լինի, ամենաճիշտը ճիշտ ղեկավարումից է կախված, ամեն մի հարց, ամեն մի շարժ պետք է լինի հրամանատարի գիտությամբ»:

Գնդապետ Պողոսյանը շեշտում է՝ բանակում համակարգն այնպիսի է, որ դասակ-վաշտ-գումարտակ՝ հրամանատարները մեկը մյուսին հսկող են, ճիշտ կառավարում է պետք, հատկապես, որ մառախուղի ժամանակ շարժն էլ իր կանոններն ունի: «Սև լիճ-մառախուղ ու մոլորված զինծառայողներ», բառերի համադրությունը լրահոսում է հայտնվում պարբերաբար:

1,5 ամիս առաջ էլ զինծառայող Արթուր Նալբանդյանը և վարորդ Արամայիս Տոռոզյանը Սև լճից ձախ՝ Իշխանասարի տարածքում մարտական հերթապահություն իրականացնողներին սնունդ տանելիս են մոլորվել՝ դարձյալ, ըստ պաշտոնական տեղեկության, մառախուղի պատճառով: Մինչև այժմ նրանց գտնվելու վայրը պարզ չէ: «Որոնողական աշխատանքները շարունակվում են». որոշ ժամանակ անց այս նախադասությունն էլ հնացավ ու պարզ չէ՝ Գյումրեցի Նալբանդյանն ու գորիսեցի Տոռոզյանը, որ առանց զենքի Սև լճի դիրքապահներին հաց էին տանում, ո՞ւր են հիմա:

«Նույնը էն երկու տղաների մասին, որ հայտարարեցին, որ մառախուղի պատճառով.... և իրենք ոչ մի տեղեկություն այլևս չեն տալիս, այդպես ամեն ինչ մոռացվում է և բանակը որևէ մեկը չի ուզում փոխի, որ լրջորեն համակարգային փոփոխություններ անեն, այս պատերազմից հետո մանավանդ, այսքան տառապանք ու վիշտ, չգիտեմ ով է տեսնում այդ տառապանքն ու վիշտը իշխանություններից, իհարկե», - ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանը շեշտում է՝ այս պատերազմում մեծ թվով զոհերից հետո էլ պաշտպանական, իրավական համակարգում անտարբերություն է զինվորի կյանքի հանդեպ: «Նրանց կյանքի համար չեն դողում», - ասում է Ալեքսանյանը: Օրինակներից մեկն էլ Գեղարքունիքի Կութի դիրքերից անհետացած ժամկետային զինծառայողի դեպքն է, որին մայիսի 18-ից մինչև այսօր փնտրում է մայրը:

«Այդ կինն անընդհատ գնում է զորամաս, ինքն է միայն գնում»​, - ասաց Ալեքսանյանը:

«Ինը անգամ մտել եմ Վարդենիս, դուրս եկել, եղել է չորս գիշերով մնացել եմ ընդեղ ես՝ երկու գիշեր դիրքերում եմ մնացել, երկու գիշեր մեքենայի մեջ, զորամասի դիմաց եմ եղել», - ​նշեց շարքային Նորիկ Մկրտչյանի մայրը​՝ Լիլիթ Աղաբաբյանը:

Շարքային Նորիկ Մկրտչյանի մայրը պատմում է՝ որդին Կողբից զորակոչվել է Վարդենիս ծառայության, մայիսի 13-ին նրան Կութի դիրքեր են տարել, տղան հաջորդ օրվանից չկա: Պաշտպանության նախարարությունն այդ ժամանակ տեղեկացրեց, թե զինծառայողն ինքնակամ լքել է զորամասն ու որոնվում է, հետո դատախազությունը հայտարարեց, թե տվյալներ չկան, որ նա ադրբեջանական կողմում է հայտնվել. 18-ամյա զինծառայողը չկա ու չկա:

«Էրեխու վրա հոդված կա, որ փախուստ, բայց ես չեմ հավատում, որ փոխած լինի, որովհետև էդ ամեն ինչը բարդեցին էրեխու վրա, չգիտեմ ինչի: Եթե մի մարդ չի տեսել, ոչ մեկը չի տեսել էրեխեն ուր է գնացել, որ կողմ է գնացել, ո՞նց կարան փախուստ ձևակերպեն, ես ուղղակի չեմ հասկանում», - նշեց Լիլիթ Աղաբաբյանը:​

Մայրը չի հավատում, որ տղան փախել -թաքնվել է, վստահ է՝ իր միակ երեխան իրեն մի օր կզանգեր այս 104 օրերի ընթացքում: Ասում է՝ կա՛մ գերեի է ընկել, կա՛մ ներքին հարցեր են ծագել, ում դուռը թակում է՝ մի բառ է լսում՝ սպասեք:

XS
SM
MD
LG