Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ պաշտպանության նախարարները վաղը կքննարկեն Ղազախստանում խաղաղապահ գործողությունը


Ղազախստան, արխիվ
Ղազախստան, արխիվ

ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները վաղը տեսակոնֆերանսի միջոցով կքննարկեն Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը, այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է կառույցի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Հունվարի 13-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության անցկացման ընթացքը»,- ասել է նա։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 6-ի որոշման համաձայն՝ կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ «իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար»։

Ղազախստանի նախագահը երեկ հայտարարեց, որ երկրից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից՝ կապված իրավիճակի կայունացման հետ և կիրականացվի տասնօրյա ժամկետում։

XS
SM
MD
LG