Ո՞վ պետք է վճարի աշխատող քաղաքացու կորոնավիրուսի թեստի համար, այս հարցը Սահմանադրական դատարանի որոշումից երկու շաբաթ անց էլ հստակ պատասխան չունի։
«Քաղաքացու կյանքում փոխվել է հետևյալը, որ երբ իրեն ասեն, որ կգնաս և քո հաշվին կանես թեստավորում, ինքը կարող է այդ ժամանակ ասել` կներեք, կարդացեք ՍԴ որոշումը, այնտեղ գրված է, որ իմ հաշվին անելը հակասահմանադրական է», - ասում է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը` պնդելով՝ Բարձր դատարանի որոշումը քաղաքացիների օգտին է. նրանք կարող են այդ որոշումը ցույց տալ գործատուին և հրաժարվել իրենց գրպանից վճարել պահանջվող քովիդ թեստի համար։
«Եթե քաղաքացուն դրվում է պահանջ, որ իր հաշվին կատարի ՊՇՌ թեստերի ծախսերը, ապա քաղաքացին պետք է արձագանքի` հարգելիներս, կա ՍԴ որոշում, որով դա հակասահմանադրական է ճանաչվել: Սիրելի գործատու, ՍԴ որոշմամբ չի դրվել այդ պարտականությունը նաև ձեզ վրա», - ասում է պատգամավորը:
Անցած տարեվերջին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դիմել էր Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե առողջապահության նախարարի հրամանը՝ աշխատողներից 14 օրը մեկ քովիդ թեստ պահանջելու վերաբերյալ որքանով է սահմանադրական։ Բարձր դատարանը դիմումը քննել ու որոշել է, որ հակասահմանադրական է միայն նախարարության այն ձևակերպումը, որ քովիդ հետազոտությունը պետք է իրականացվի «աշխատողի հաշվին»։ Իսկ թե ում հաշվին պետք է կատարվի, Սահմանադրական դատարանը չի հստակեցրել։ Այդ հարցը Բարձր դատարանի տիրույթում էլ չէ, ասում է պատգամավոր Վարդևանյանը և շեշտում՝ ՍԴ-ի որոշումը նշանակում է, որ պետությունը պետք է կրի վճարելու պարտավորությունը։
«Եթե դու սահմանում ես խաղի կանոն, այդ խաղի կանոնն էլ դու պետք է ապահովես, սա է. պետությո՞ւնն է սահմանել այդ խաղի կանոնը, չէ՞ որ ոչ թե գործատուի հրամանով է եղել այդ ՊՇՌ թեստավորման պահանջը, այլ նախարարի հրամանով, հետևաբար նույն նախարարությունն էլ պետք է այդ միջոցներն ապահովի», - նշեց Վարդևանյանը:
Առողջապահության նախարարը օրեր առաջ մեկնաբանել է այս որոշումը, ըստ նրա` դա նշանակում է, թե քաղաքացու փոխարեն կարող է քովիդի հետազոտության թեստի դիմաց վճարել հարազատը կամ որևէ բարերար։ Դա չի նշանակում, որ պետությունն է այդ պարտավորությունը ստանձնում։
Մինչ ընդդիմադիրներն ու իշխանականները հակասական պնդումներ են անում, հարցը մնում է օդում կախված՝ գործատուն, կառավարությունը, թե աշխատողը պետք է վճարի պարտադիր հետազոտության համար։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով` լուծումը Ազգային ժողովում է։ Օրենսդրական կարգավորմամբ պետք է տրվի այս հարցի պատասխանը. «Մենք վակուում ունենք, կազուս է, չկարգավորված հարց է, փակուղի է այս պահի դրությամբ»:
Իսկ մինչ օրենսդրական փոփոխությունը ի՞նչ է փոխել քաղաքացու համար Սահմանադրական դատարանի որոշումը, սա կարո՞ղ է հիմք լինել, որ աշխատողը հրաժարվի ամենշաբաթյա պարտադիր թեստի համար վճարելուց։
«Քանի որ հարց է հնչել, թե քաղաքացուն ինչ էր տալիս այդ որոշումը, տալիս է այն, որ քաղաքացին կարող է ասել` սա Սահմանադրական դատարանի որոշումն է, ես իմ գրպանից պարտավոր չեմ վճարել»:
Արա Ղազարյանն ասում է, որ աշխատողը կարող է ընդհուպ դատական ճանապարհով պայքարել ու չվճարել ամեն շաբաթ պահանջվող թեստի համար, բայց սա երակարատև գործընթաց է, առավել ևս որ հաջորդ շաբաթվանից կառավարությունը կհրապարակի նոր սահմանափակումների հրաման, և չպատվաստված մարդկանց մուտքը կարգելվի սննդի ու ժամանցի վայրեր։
«Անուղղակիորեն քաղաքացին ի վերջո պետք է իր խնդիրը լուծի, այն է` գնա և պատվաստվի, որպես ժամանակավոր լուծում քաղաքացին կարող է գործատուին ասել, որ ես պարտավոր չեմ վճարել, բայց գործատուն էլ արդեն կարող է օրենքով սահմանված աշխատանքային հարաբերություններին լուծում տալ», - ընդգծեց Ղազարյանը:
Իրավաբանի խոսքով` Սահմանադրական դատարանի որոշումը քաղաքացու օգտին առաջին քայլն է, բայց սոցիալական համերաշխության գաղափարը հաշվի առնելով չպետք է մոռանալ արդեն իսկ գործող անվճար այլընտրանքի՝ պատվաստման մասին. «Կարելի է ասել` հօգուտ քաղաքացու էր, բայց ի վերջո նպատակը բոլորիս առողջությունն է, հիմա եթե քաղաքացին հետևողականորեն չի վճարում, եթե չունի այդքան գումար, կարելի է հասկանալ, բայց երբ որ քաղաքացին անվճար չի գնում և պատվաստվում, դա արդեն անհասկանալի է: Ի վերջո, կա սոցիալական համերաշխության գաղափարը սոցիալական պետությունում»: