Մատչելիության հղումներ

Նախկին գերիների՝ զինծառայությունը շարունակելը խնդրահարույց է մնում


Հայաստան վերադարձող արդեն նախկին ռազմագերիներ, արխիվ
Հայաստան վերադարձող արդեն նախկին ռազմագերիներ, արխիվ

Ամռանը ադրբեջանական գերությունից ազատված, հայրենիք վերադարձված 19-ամյա Նարեկ Սիրունյանը կրկին զորակոչվել է բանակ՝ առանց լիարժեք ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման, հայտարարում են հարազատներն ու իրավապաշտպանները։

Իրավապաշտպան Արմինե Սադիկյանը փաստում է՝ օրենքը ռազմագերիներին հնարավորություն չի տալիս ազատվել ծառայությունից, բայց գոնե այս դեպքում կարող էին մարմնի վրա 5 վնասվածքներ ունեցող, գերության մեջ խոշտանգված տղայի առողջական և հոգեբանական խնդիրները կարգավորել, հետո մտածել զորակոչելու մասին։

«Հասկացեք, որ մարդը ունի ստորին և վերին վերջույթների խնդիրներ, վիրավորումներ և հոգեբանական խնդիրներ, որով չի կարողանում շարունակել։ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ բազմաթիվ անգամ զինծառայողը ենթարկվել է բժշկական հետազոտությունների և կոնսուլտացիաների, և ըստ համապատասխան իրավական նորմերի՝ ինքը պիտանի է զինվորական ծառայության համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սադիկյանը։

44-օրյա պատերազմի ընթացքում Նարեկն ու ընկերները 43 օր թաքնվել էին Հադրութի անտառներում, գերեվարվելուց հետո էլ 200 օր Նարեկը պահվել էր Բաքվի բանտում։

Իրավապաշտպան կազմակերպությունը նրա ծառայությունը հետաձգելու հարցով դիմել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Նարեկին հետազոտել են, բայց առողջական որևէ խնդիր չեն լուծել, փոխարենը՝ հետ են տարել զորամաս։

«Իրականում չեն փորձում դա պարզել, իրենք տեղափոխում են մեկ կամ մի քանի օրով զինվորական հոսպիտալ, անցնում է կոնսուլտացիաներ, զրուցում են, միգուցե կատարում են որոշակի գործիքային հետազոտություններ և գտնում են, որ մարդը կարողանում է թևը շարժել, քայլել, չգիտեմ, խոսել, և հետևաբար՝ ճանաչում են պիտանի կրկին անգամ», - նշեց Արմինե Սադիկյանը՝ շարունակելով․ - «Բայց այստեղ հարցը ավելի խորքային պետք է դիտարկել։ Ի՞նչ եք կարծում, ասենք, մի քանի ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող զինծառայողը, որքան էլ որ նրա հետ իրականացվի հոգեբանական աշխատանք, մի քանի ամսում ինչպե՞ս կարող է նրա հոգեկան վիճակը վերականգնվել։ Դա գրեթե անհնար է, և այս մասին ես բազմիցս նշել եմ մեզ դիմած մյուս զինծառայողների գործերով, գործերի մասին նշելով, երբ զինծառայության մեջ գտնվելով, վիրավորում ստանալով, անցել են հոգեբանական աջակցություն, սակայն որևէ դրական ազդեցություն նրանց վրա չի ունեցել»։

Որդու առողջությամբ մտահոգված ծնողները դեմ չեն, որ Նարեկը շարունակի ծառայությունը, բայց պնդում են՝ մարմնի վրա տարբեր վնասվածքներ ունեցող, վերին և ստորին վերջույթները շարժել չկարողացող զինվորը չի կարող պատշաճ կատարել պարտականությունները։ Հայրը՝ Անդրանիկ Սիրունյանը կարծում է, որ ռազմագերիները նաև հոգեբանորեն են ճնշված։

«Մարդ պիտի պիտանի լինի, թեկուզ անկախ նրանից՝ վազքի, խելքի գործը, հա, հասկանալի է, բայց վազք, ֆիզիկապես որ կարողանաս ինչ-որ մի բան անես՝ ես չեմ պատկերացնում իմ երեխեն ոնց պիտի անի դա», - «Ազատության» հետ զրույցում նշեց Անդրանիկ Սիրունյանը։

Կառավարությունը այս մտահոգությունները չի կիսում, Պաշտպանության նախարարությունից իրավապաշտպաններին փոխանցել են, որ մինչ երկրորդ զորակոչը նախկին ռազմագերին անցել է հոգեթերապիա, ապա՝ ստացել 15-օրյա արձակուրդ։ Պատասխան նամակում նախարարությունը նաև նշել է, որ զորակոչված Նարեկն այժմ էլ գտնվում է սպա-հոգեբանի հսկողության տակ, և ընդգծել՝ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա։

Իրավապաշտպանները երկրորդ նամակն են ուղարկել, թե «Սիրունյանը շարունակում է գանգատվել ֆիզիկական և հոգեբանական խնդիրներից, և ակնհայտ է, որ իրականացված գործողությունները լիարժեք ու թիրախային չեն եղել»։ Այս նամակին նախարարությունից դեռ չեն արձագանքել։

«Իրականում, փաստաթղթերը ուսումնասիրելով՝ մենք էլ տեսնում ենք, որ քաղաքացին անցել է հետազոտություններ, և տվյալ խնդիրները համատեղելի են սահմանափակումով ծառայության հետ։ Սակայն փաստը մնում է այն, որ քաղաքացին պնդում է, որ ունի ֆիզիկական ցավ և հոգեբական խնդիրներ, որպեսզի կարողանա շարունակել իր ծառայությունը, պատշաճ կատարել իր զինվորական պարտականությունները։ Նաև պետք է հասկանալ, որ չի կարող նման կարգավիճակով և նման իրավիճակում գտնվող զինծառայողը պատշաճ կատարել իր զինվորական ծառայությունը», - ընդգծեց Սադիկյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գերեվարվածներին զինծառայությունից ազատելու օրենսդրական առաջարկ է պատրաստում, որն առաջիկայում կներկայացնի խորհրդարանին։ Թեև հարցը քննարկվում է արդեն շուրջ մեկ տարի՝ 44-օրյա պատերազմից հետո, քաղաքական ուժերից որևէ մեկն այս հարցով օրենքում փոփոխություններ նախաձեռնելու մասին չի հայտարարել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG