Ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանին մահացու հրազենային վիրավորում հասցնելու համար կալանավորվել է համածառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն:
Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 տարի ժամկետով), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վայոց ձորի մարզում տեղակայված ՊՆ N զորամասում զինվոր է մահացել հրազենային վիրավորումից, հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը։
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ շարքային Մովսես Թադևոսյանը՝ գլխի մասում հրազենային վիրավորումով, զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է դեկտեմբերի 31-ին` ժամը 10։50-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։