Մատչելիության հղումներ

Վարդաշենի անօթևանների կացարանի 93 բնակիչները ստիպված են տեղափոխվել թիվ 1 տուն-ինտերնատ


Վարդաշենում գտնվող անօթևանների կացարանի 93 բնակիչները մինչև վաղը ստիպված են լինելու լքել կացարանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է նրանց տեղափոխել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։ Կացարանի բնակիչները պնդում են՝ իրենց նախապես այդ մասին չեն տեղեկացրել, պատրաստ չեն ու չեն էլ ցանկանում այս կացարանից դուրս գալ։

«Ի՞նչ տարբերություն իրենց համար, հենա մենք էստեղ ենք ապրում, էլի», - ասաց նրանցից մեկը։

«Ուտում էլ ենք, սոված չենք մնում, ամեն ինչ իրա տեղը, բայց մեզ էստեղից հանում են», - ասաց մյուսը։

«Տաքսու վարորդ եմ աշխատել, պահակություն եմ արել, հիմա ինձ տեղափոխում եք, լավ, մենք ընտանիքից լքվանք, տուժվանք, էկանք ստեղ, հիմա ստեղ գլխներս կախ աշխատում, ապրում ենք, հիմա՞ խի եք ուզում տեղափոխեք, հանեք դուրս քցեք, էդ է հարցը», - նշեց երրորդը։

«Մենք բոլորս դեմ ենք՝ գնալու Հաղթանակ թաղամաս, որովհետև մենք սովոր ենք արդեն մեր նիստուկացին, բոլորս մի ընտանիքի պես ապրում ենք այստեղ», - ընդգծեց կացարանի մեկ այլ բնակիչ։

Նախարարության պարզաբանմամբ՝ մրցույթ էր հայտարարվել այս ծառայությունը որևէ կազմակերպության պատվիրակելու համար։ Ծառայությունը մինչև այժմ մատուցում էր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը, որի պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։ Հայտարարված մրցույթին որևէ մեկը, սակայն, չի մասնակցել, իսկ մի քանի տարի շարունակ անօթևանների այս կացարանը կառավարող «Հանս Քրիստիան Քոֆոեդ» հիմնադրամը չի կարողացել դիմել։ Սոցապնախարարությունը բացատրում է՝ այս հիմնադրամը մեկ այլ ծրագրի շրջանակում ծառայությունները պատշաճ չի մատուցել, ինչի հետևանքով ընդգրկվել է այն կազմակերպությունների ցանկում, որոնք իրավունք չունեն մասնակցելու պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին։

«Ես նամակ եմ գրել նախարարին, թե ինչ է լինելու այս մարդկանց ճակատագիրը, որևիցե մեկի կողմից ահազանգ, պաշտոնական գրություն չեմ ստացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց անօթևանների կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը։ Տնօրենը պնդում է՝ նախարարությունից նախօրոք չեն տեղեկացրել, թե ինչ է լինելու դեկտեմբերի 31-ին և ուր են տանելու կացարանի բնակիչներին։ Ասում է՝ իր ունեցած կապերով է իմացել, թե ուր են ցանկանում տեղափոխել անօթևաններին։

«Որևիցե մեկը չի մոտենում մեզ, չի ահազանգում, թե այս մարդկանց ինչպե՞ս ենք տեղափոխելու այնտեղ, ո՞վ է տանելու այս մարդկանց։ Որովհետև այս անօթևանների մեջ կան սայլակավոր մարդիկ՝ անդամահատված ոտքերով, ունենք մարդիկ, որոնք անկողնային են, քայլել չեն կարող, ունենք մարդիկ, որոնք արդեն տարեց են, հիշողությունները կորցրած են։ Այդ քաղաքացիները նաև չունեն գումար, որ տրանսպորտ 100 դրամ տան, երկու-երեք տրանսպորտ պետք է փոխեն, մինչև հասնեն էնտեղ, չունեն, և ունեն իրենց հետ իրենց անձնական իրերը, որոնք շատ են», - ընդգծեց Խաչատրյանը։

Մինչդեռ նախարարությունից հակառակն են պնդում՝ տապալված մրցույթի ավարտից հետո իրենց որոշման մասին պատշաճ կարգով տեղեկացրել են կացարանի տնօրենին։ «Ազատությանը» փոխանցեցին՝ մինչև դեկտեմբերի 31-ը սահմանված կարգով կհոգան քաղաքացիների կեցության հարցը՝ կազմակերպելով վերջիններիս տեղափոխումը Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ։ Ստացվում է, որ այսօր արդեն կացարանի բնակիչները պետք է լքեն տարածքը, սակայն նրանցից շատերը մոլորված պտտվում էին շենքում՝ չիմանալով, թե ինչ է սպասում իրենց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG