Մատչելիության հղումներ

Չինաստանի ԱԳ նախարարը գովեստով է խոսել Ռուսաստանի հետ կապերի մասին, ԱՄՆ-ին կոչ արել խոսքը գործով ապացուցել


Չինաստանի ԱԳ նախարար Վան Յի, արխիվ
Չինաստանի ԱԳ նախարար Վան Յի, արխիվ

Ամփոփելով 2021 թվականը՝ Չինաստանի արտաքին գործերի նախարար և պետական խորհրդական Վան Յին խոսել է երկու գերտերությունների՝ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասին:

Նրա փոխանցմամբ՝ Պեկինը Մոսկվայի հետ կարևոր համագործակցություն է իրականացնում, իսկ Վաշինգտոնը պետք է վերագնահատի իր կապերը Պեկինի հետ, ինչն անհրաժեշտ է միջազգային կայունությունն ապահովելու համար:

«Չինաստանը և Ռուսաստանը երկու հզոր տերություններ են և ունեն համաշխարհային ազդեցություն: Այդ երկու երկրների ռազմավարական համակարգումը և համագործակցությունը հիրավի գլոբալ նշանակություն ունեն: Երկու երկրների ղեկավարները 2021-ին ռազմավարական մակարդակի երկխոսություն են իրականացրել», - ասել է Վան Յին:

Խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին՝ նախարարը նշել է, որ 2021-ին որոշակի տեղաշարժ է գրանցվել նախորդ շրջանի համեմատությամբ:

«Չինաստանը վճռական է իր իրավունքները պաշտպանելու և հեգեմոնիզմը մերժելու հարցում: Միացյալ Նահանգները պետք է հասկանա, որ Չինաստանը որևէ ճնշման տակ երբեք զիջումների չի գնա, և նման փորձը միայն վնաս կհասցնի առաջին հերթին հենց Նահանգների շահերին: Հետևաբար, եթե Միացյալ Նահանգները ցանկանում է աշխարհում գոնե ինչ-որ չափով պահպանել վստահելի գործընկերոջ համբավը, ապա պետք է իր խոսքն ապացուցի իրական գործով և վաստակի Չինաստանի ժողովրդի և աշխարհի վստահությունը», - ասել է Վան Յին:

XS
SM
MD
LG